Վերնատուն

Մաքրել ժանգը և վերամշակել երկաթը՝ ժամանակակից պարի միջոցով․ «Վերնատուն»

«Հայարտ» կենտրոնում առաջին անգամ կներկայացվի «Ժանգոտած հայրենիք» ժամանակակից պար ֆիլմը։ Ցուցադրության հեղինակը «Միհր» ժամանակակից պարի թատրոնի հիմնադիր, պարաբեմադրիչ Ցոլակ Մլքե–Գալստյանը խոսում է ներկայացման գաղափարի, միջազգային արձագանքների և արդի խնդիրների մասին։

Ֆիլմը արձագանք է 2020 թվականից սկսած բոլոր իրադարձություններին՝ համավարակի սահմանափակումներից մինչև պատերազմ՝ իր զարհուրելի հետևանքներով։ Երեկոն բաղկացած է երկու մասից․ առաջին մասը ներկայացումն է՝ կենդանի երաժշտությամբ, ժամանակակից պարով, երկրորդը՝ ֆիլմի ցուցադրությունն է։ Ցուցադրությունը երկու անուն ունի՝ անգլերենով Walls (Պատեր), հայերենով՝ «Ժանգոտած հայրենիք»։

«Մենք շատ ենք ճամփորդում և ամեն քաղաքում հանդիպում ենք մի ժանգոտած մետաղի կտոր, հին մեքենա, որը խոսում է համընդհանուր անտարբերության մասին։ Ժանգը շատ է, աչքիդ առաջ շատ է։ Ֆիլմը պատմում է՝ ինչպես ենք մենք այդ ամեն ինչին վերաբերվում, ինչպես ենք եփվում այդ ամենի մեջ», – մեկնաբանում է Ցոլակ Մլքե-Գալստյանը։

Բեմադրիչը պատմում է, որ ֆիլմում հսկայական ժանգոտած իրեր կան։ Երկխոսությունը և՛ պատերի մասին է, և՛ ժանգոտած հայրենիքի։

«Բոլոր տեսակի պատերի մասին ենք խոսել՝ վերաբերմունքի, որոշումներ չընդունելու պատճառների, նաև այն մասին, թե ինչպես ես ինքդ քո մեջ պատ ստեղծում և հաղթահարում։ Պետք է այդ ժանգը մաքրել և վերամշակել երկաթը։ Իսկ պատերի դեպքում քանդել այն կամ բարձրացնել հայացքը պատից վեր»,– ասում է Ցոլակ Մլքե-Գալստյանը։

Ֆիլմն արժանացել է միջազգային 7 մրցանակի։ Հեղինակին ավելի շատ ոգևորել են ոչ թե մրցանակները, այլ մամուլի արձագանքները և դրանց շեշտադրումները Արցախի և հայաստանյան իրականության մասին։

«Ճանապարհը, որ մենք անցնում ենք, նույնն է, մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ միջազգային լեզվով խոսելով մեր ինքնության ու խնդիրների մասին։ Մեր գլխավոր ծրագիրը սա է, որը 20 տարի մենք անում ենք․ դա չհանձնվելն է, ստեղծագործելը և արձագանքելն է այն բոլոր թեմաներին, որոնք կարևոր են մեր հանրության համար»,– ասում է բեմադրիչը։

Back to top button