ԿարևորՏնտեսական

Հանքարդյունաբերությունը սկսել է զիջել բանկերին ու մանրածախ առևտրին․ ովքե՞ր են ամենաշատ հարկ վճարողները

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուներիկ ցանկը։ Բացի բյուջե վճարած հարկերի ծավալի ավելացումից, հետաքիքր այլ պատկեր էլ են արձանագրևել փորձագետները։ Խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականներում ներառված են առևտրային բանկերն ու մանածախ առևտրով զբաղվող ընկերությունները։

Տարիներ շարունակ առաջատար դիրքերում գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկություններն այս տարվա առաջին երեք ամիսներին ավելի քիչ հարկ են վճարել։ Հարկերի մոտ 80 տոկոսը վճարել են Երևանում գրանցված տնտեսվարողները։ Փորձագետները դժվարանում են առաջին եռամսյակի տվյալներով իրավիճակային վերլուծություններ անել։

«Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանդ Տոբակո»․ այս տարվա առաջին եռամսյակում ամենաշատը պետական գանձարան գումար փոխանցած առաջին երեք ընկերություններն են։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2023 թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.3 %-ով՝ կազմելով 381.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 309 մլրդ-ի փոխարեն:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետական բյուջե է վճարել շուրջ 21 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 20.1 մլրդ-ի փոխարեն: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ձեռնարկությունը վճարել է տասնհինգ ու կես մլրդ դրամ հարկ, ինչը է 2022 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 56.3%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 35.45 մլրդ դրամ): Խոշոր հարկատուներից երրորդը՝ «Գրանդ Տոբակոն», 11.66 մլրդ դրամ է վճարել: Կազմակերպության վճարած հարկերը ավելացել են 48.2%-ով:

Անդրադառնալով ԶՊՄԿ-ի հարկային եկամուտների նվազմանը, Օրբելի վերլուծական կենտրոնի հետազոտող Մերի Բոյաջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է․

«Կոմբինատի կողմից հարկային եկամուտների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 2․3 անգամ։ Հիմնականում պայմանավորված է նախորդ տարի հարկային հսկողության արդյունքում լրացուցիչ գումարի վճարմամբ։ Այլ կերպ ասած՝ նվազման արդյունքում էական ազդեցություն են ունեցել հարկային ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, որոնք բյուջե են վերականգնվել 2022 թվականին»։

Հատկանշական է, որ այս տարի առաջին տասնյակում ԶՊՄԿ-ից բացի առաջին հորիզոնականներում այլ հանքարդյունաբերական ընկերություններ չկան։ Տարիներ շարունակ առաջին տասնյակում գտնվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել է 92-րդ տեղում։ Սոթքի հանքավայրը շահագործող այդ ընկերությունն էլ իր  արտադրական հզորություններից զրկվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամուն մնաց հանքավայրի մեծ մասը։ Սա, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի դիտարկմամբ, արտադրական ներուժի նվազում է ենթադրում։

«Ըստ էության, ընկերությունը զրկվել է իր արտադրական հզորություններից ու հանքերի որոշակի հատվածից։ Բացի այդ, մեկ տարվա կտրվածքով համաշխարհային շուկայում պղնձի գներն են նվազել»։

Ընդհանրապես, այս եռամսյակում  խոշոր հարկատուների տասնյակում նկատելի փոփոխություններ են նկատվում՝ արձանագրում են մասնագետները։ Մերի Բոյաջյանն, օրինակ, նշում է՝ առաջին տասնյակում մանրածախ առևտրի ոլորտում ներառված ընկերություններ են հայտնվել․

««Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 7-րդ հորիզոնականում է, «Փրիթի Ուեյ» ընկերությունն առաջին անգամ հայտնվել է հազար խոշոր հարկատուների տասնյակում՝ զբաղեցնելով 4-րդ հորզոնականը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնում էր 118-րդ տեղը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում մանրածախ առևտրի ոլորտում ՝ «Վեստա» ընկերությունն է, որը կենցաղային տեխնիկայի ու կահույքի ներմուծմամբ ու վաճառքով է զբաղվում»։

Վերջին տարիներին առաջին անգամ նաև առևտրային բանկերից են հայտնվել առաջին տասնյակում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանյան առևտրային բանկերը միասին վճարել են ավելի քան 20 մլրդ դրամ հարկ, աճը մոտ 58 տոկոս է կազմում։ «Ակբա բանկն» այս տարի 6-րդ տեղում է, նախորդ տարվա 24-րդ տեղի փոխարեն։ Արդյո՞ք սա ռուս-ուկրաինական պատերազմով, Հայաստան ներհոսած գումարների աճով է պայմանավորված։

Ի պատասխան՝ Արմեն Քթոյանն ընդգծում է․ «Անցյալ տարի բանկերի չբաշխված շահույթի աննախադեպ մակարդակ է արձանագրվել՝ կրկին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված»։

1000 խոշոր հարկատուների մասնաբաժինը հարկային եկամուտներում շուրջ 83 տոկոս կազմում, մինչդեռ 2018-ին՝ 65․5 տոկոս էր։ Բացի այդ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկային եկամուտների շուրջ 25 տոկոսը բաժին է ընկնում խոշոր հարկատուների տասնյակին, իսկ հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի կեսից ավելին գոյացել է միայն առաջին հարյուրյակի միջոցով։

Տնտեսագետ Մերի Բոյաջյանն արձանագրում է, որ սա խոշոր հարկատուների միջև կենտրոնացվածության բարձր աստիճանի մասին է փաստում։

Տնտեսագետները այլ հետաքրքիր պատկեր էլ են նկատել։ Եթե անցյալ տարի խոշոր հարկատուների ցանկում տեղ գտնելու համար ընկերությունները պետք վճարեին 50 մլն դրամ, այս տարի առնվազն 75 մլն դրամ են վճարել։ Ցանկից դուրս մնացած հարկատուներն էլ փոքր չեն, ինչպես նախորդ տարիներին։ 2023-ի առաջին եռամսյակում 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել 66 տնտեսվարող, մինչդեռ 2022-ին նրանց թիվը 49 էր։ Այս տարի 100 մլրդ դրամ եկամտային հարկ ու շահութահարկ է վճարվել, 2022-ի առաջին եռամսյակում՝ 90 մլրդ դրամ։

Տարածքային կենտրոնացվածության ցուցանիշն այս տարի որոշակիորեն ավելացել է։ Վճարված 380 մլրդ դրամից 300-ը (80 տոկոսը) վճարել են Երևանում գրանցված կամ մայրաքաղաքում գործունեություն ծավալող ընկերությունները՝ ասում է Արմեն Քթոյանն ու հիշեցնում՝ անցյալ տարվա առաջին եռամսյակում այդ ընկերությունները 73 տոկոս էին կազմում։ Ցանկում, սակայն, ընդհանուր առմամբ՝ նվազել է Երևանում գրանցված տնտեսվարողների թիվը՝ 78 տոկոս, մինչդեռ 2022-ին 83 տոկոս էր։ Փորձագիտական դաշտում շեշտում են՝ առաջին եռամսյակի տվյալներով իրավիճակային վերլուծություններ անելը դժվար է։

Back to top button