ԿարևորՔաղաքական

Առանցքայի՞ն, թե՞ հերթական փոփոխություն․ Ռուսաստանը խաղաղապահ զորախմբի չորրորդ հրամանատարն է նշանակում

Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի առաջին երկու հանդիպումը, այդ պաշտոնում նշանակվելուց և ժամանելուց անմիջապես հետո, եղել է Ստեփանակերտում և Երևանում։

Նախօրեին նա հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, այսօր ռուս զինվորականը արդեն Երևանում էր։ Գեներալ Լենցովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Լենցովի նշանակումը համընկել է ԼՂ-ում լարվածության հերթական աճի հետ, երբ Ադրբեջանը Հակարիի սահմանային կամրջի վրա անցակետ տեղադրեց։ ՌԴ ՊՆ-ն այդ գործողությունը որակել է որպես «միակողմանի և չհամաձայնեցված»։ Ադրբեջանի հետ բանակցությունները այդ օրերին սկսեց խաղաղապահների արդեն նախկին հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Սուրեն Պապիկյանի և Ալեքսանդր Լենցովի հանդիպման մասին տեղեկությունները շատ չեն։ Հայտնի է, որ քննարկվել են Արցախի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի պաշտպանության նախարարը «ընդգծել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը»։

Իսկ նախօրեին Ստեփանակերտում նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի իշխանությունների ակնկալիքն էր փոխանցել Լենցովին, այն է՝ սեղմ ժամկետում ապահովել Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Սա թերևս հիմնական սպասելիքն է ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարից։ Հանրության մեջ կա մի հատված, որը հույս ունի, որ Հակարիի կամրջից ադրբեջանական անցակետի վերացումը ռուսական կողմի հեղինակության հարցը կդառնա։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությունը կարևոր է համարում աշխարհաքաղաքական առումով։ Ֆեյսբուքյան իր էջում փորձագետը գրել է․

«Մինչև հիմա տեղի ունեցած փոփոխություններն իրենցից չեն ենթադրել աշխարհաքաղաքական ցայտուն ենթատեքստեր, իսկ այս մեկը կարծում եմ, որ բացառապես հենց այդ նշանակությունն ունի։

Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մասնակից, մինչև 2020 թ․ ռուսական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարն է։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գեներալ-գնդապետ Լենցովը ՌԴ ՊՆ-ի նախկին խորհրդականն է, նշանակում է, որ ՌԴ-ն այս նշանակումով ցույց է տալիս, թե Արցախն իր համար ինչ նշանակություն ունի․․․»։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը այլ կարծիքի է։ Նա չի սպասում, որ ճգնաժամային վիճակում խաղաղապահների հրամանատարի փոփոխությունը էական զարգացում կապահովի։ Հայտնի կանոն է մեջբերում․ «գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում»։

 «Նրանք կարող են 5 անգամ էլ հրամանատար փոխեն, դրանից էությունը չի փոխվելու։ Այսօր Ռուսաստանը և Ադրբեջանը ունեն լուրջ համագործակցություն․ գազ են ծախում, նավթ են ծախում, առևտուր են անում, և նրանց թիվ մեկ նպատակը այստեղ այդ առևտուրն է, այլ ոչ թե ռուսական կայսերական շահերը այս տարածաշրջանում։ Այդ շահերը Ռուսաստանը վաղուց տանուլ է տվել»,-կարծում է քաղաքագետը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ձևակերպմամբ՝ հետպատերազմյան արտառոց զարգացումներում ռուս խաղաղապահների նոր ղեկավարի նշանակումը որևէ արտառոց նշանակություն չունի․

 «Ամենևին չեմ ուզում ասել, որ այդ փոփոխությունները ոչինչ են, որովհետև շատ կարևոր է՝ ով է գլխավորում, ինչ բնույթի մարդ է և այլն։ Այս ամեն ինչը, իհարկե, իր ազդեցությունը թողնելու է, բայց մի բան արձանագրենք, որ խաղաղապահ կոնտինգենտը գործելու է Ռուսաստանի քաղաքականության շրջանակում։ Վոլկովը կլինի այնտեղ, Մուրադովը կլինի, թե հիմա նորը կլինի, սրանք ընթացիկ աշխատանքի առումով կունենան իրենց ազդեցությունը։ Մեկը կաշխատի արդյունավետ, մյուսը՝ ոչ»։

Ռուս խաղաղապահների անգործության կամ թողտվության պատճառով Արցախում տարածքների կորստից բացի, իր անհատական րակներով կամ աշխատանքով հանրության համար չի հիշվել թերևս խաղաղապահների առաջին հրամանատարը։

Արդեն երկրորդի՝ Ռուստամ Մուրադովի աշխատանքը աչքի ընկավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու փորձերով և բանակցություններով։ Որոշ դեպքերում նաև հաջողություններ արձանագրվեցին։ Նրանից հետո Անդրեյ Վոլկովը աշխատեց 1 տարի 3 ամիս։ Նրա ղեկավարման ժամանակից ամենահիշվողը Լաչինի միջանցքում ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» անարգել ակցիաներն են։ Հենց  նա էր ադրբեջանցի լրագրողներին հայտարարել, թե իբր Ադրբեջանի ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնություն կա մինի մաքսակետերի տեղադրման մասին։ Պաշտոնական Ստեփանակերտի դժգոհություններից հետո արդեն Վոլկովը պարզաբանել էր՝ միջանցքում ադրբեջանական հենակետ չի լինելու։ Ռուսական անցակետում ընդամենը տեխնիկական վերահսկման սարքեր կտեղադրեն՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար։

Տեխնիկական սարքերի մասին խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ընդ որում՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում Լավրովը բացառել էր։

 «Այնտեղ նախատեսված չէ որևէ անցակետի ստեղծում, բայց կա հնարավորություն տեխնիկական միջոցներով փարատել առկա կասկածները, թե միջանցքը ոչ նպատակային է օգտագործվում»,-հայտարարել էր Լավրովը Բաքվում 2023-ի փետրվարի 28-ին։

Լավրովը նաև նշել է, որ Լաչինի միջանցքի աշխատանքային ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշված պայմաններին։

Այժմ վերլուծաբանները չեն բացառում այն տարբերակը, որ Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետը կարող է փոխանցվել ռուս խաղաղապահներին։

Ինչ լուծումներ կառաջարկի ռուս խաղաղապահների նոր հրամանատարը՝ հայտնի չէ, քանի որ հայտնի չէ անգամ, թե ինչ է նա խոսել իր աշխատանքային առաջին օրերի առաջին հանդիպումներում։

Back to top button