ԿարևորՀասարակություն

Կառուցիր տուն, զարգացրու սահմանամերձ բնակավայրերը. կառավարությունը աջակցության նոր ծրագիր է գործարկել

Հայաստանի կառավարությունը հնարավորություն է տալիս սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել: Ծրագրի մեկնարկը տրված է, և արդեն Տավուշի ու Սյունիքի մարզերից ինը շահառուներ կան։ Այս նախաձեռնությամբ կառավարությունը նպատակ ունի բարելավելու մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղերում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները։

Ակնկալվում է, որ մինչև 2024 թվականը առնվազն 300 ընտանիք պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում տուն կկառուցի: Այդ նպատակի համար բյուջեով նախատեսվել է 466 մլն դրամ: Իսկ մինչև 2025 թվականը, ըստ ծրագրի, շուրջ 550 ընտանիք  պետության աջակցությամբ տուն կկառուցի։ Դրա իրագործման համար կհատկացվի 1.5 մլրդ դրամ: Խոսքը շուրջ 80 սահմանային գյուղական բնակավայրերի մասին է։

Տեղ համայնքի սահմանամերձ Քարաշեն գյուղում Մնացականյանների ընտանիքը նոր տուն է կառուցում։ Սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը ընտանիքին չեն անհանգստացնում։ 27 մլն դրամ արժողությամբ երկհարկանի տան հիփոթեքային վարկն արդեն հաստատվել է։ Այդ գումարից 16 մլն դրամը պետությունն է սուբսիդավորում։ Վահիկ Մնացականյանն ասում է, որ վարկ փակելուց չի վախենում, միայն թե խաղաղություն լինի․  

«Շինթույլտվությունը վերցրել ենք, նախագիծը գծված է։ 27 մլն դրամ արժողությամբ տուն է լինելու։ Մի քանի օրից էլ զույգ տղա թոռնիկներ եմ ունենալու։ Աստված անի՝ խաղաղություն լինի, պիտի աշխատենք ապրենք։ Ուրիշ ճանապարհ կա՞»։

Կառավարությունը սահմանամերձ 80 գյուղերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր է գործարկել։ Շահառու կարող են դառնալ օրինական գրանցված ամուսինները, որոնք սահմանամերձ գյուղական բնակավայրում համապատասխան շինթույլտվությամբ հողամաս կամ կիսակառույց շինություն և դրական վարկային պատմություն ունեն։ Ամուսիններից գոնե մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն։ Ծրագրի շահառու դառնալու կարգը բացատրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը․

«Արդեն ունենք 9 շահառու։ Մի մասին վարկը տրամադրվել է։ Մյուս մասին հաստատվել է վարկը, ավարտական փուլում են և շուտով կավարտվի։ Հիմնական շահառուները տվյալ համայնքում բնակվող քաղաքացիներն են։ Այս պահին տրամադրված վարկերից մեկը Սյունիքի Տեղ գյուղում է, մյուսը՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում»։

Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամը և դրա գծով մինչև 13 տոկոս դրույքի չափով հաշվեգրվող գումարները մարելու համար։

«Եթե շահառուն բանկից ստանում է 16 մլն դրամ վարկ 13 տոկոսով՝ 10 տարի մարման ժամկետով, ինքը տվյալ պարագայում որևէ պարտավորություն տվյալ վարկի նկատմամբ չունի։ Ամբողջն իրականացնում է պետությունը։ Եթե վարկի չափն ավելին է, ապա տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է շահառուն»,– մանրամասնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդականը։

Ըստ Գայանե Ղարագյոզյանի՝ աջակցությունը նախատեսված է բացառապես տուն կառուցելու կամ շինարարությունը շարունակելու համար։ Կառուցապատումը շարունակելու դեպքում կիսակառույցը պետք է ունենա 80 տոկոսից պակաս ավարտվածություն․

«Մեզ հետ համագործակցում են «Էվոկաբանկը» և «Կոնվերսբանկը»։ Մայիսից ծրագրին կմիանան նաև «ԱԿԲԱ բանկը», «Ֆինկա» վարկային կազմակերպությունն ու «Յունիբանկը»։ Քաղաքացիները դիմում են սոցապ ի հետ համագործակցության պայմանագիր կնքած բանկ։ Քաղշինի կայքէջում կան տեղադրված նախագծերի տիպային նմուշներ, որոնք անվճար տեղակայված են և անհրաժեշտության դեպքում կարող են ընտրել ցանկից և այս տարբերակից օգտվելու դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն ծախսի»։

Վարկը տրամադրվում է փուլերով։ Յուրաքանչյուր հաջորդ փուլի համար հիմք է հանդիսանում նախորդի մոնիթորինգի արդյունքում արձանագրված փաստը։ Եթե արձանագրվում է, որ տվյալ փուլում տրամադրված գումարը նպատակային չի օգտագործվել, աջակցությունը դադարեցվում է։

Back to top button