ԿարևորՀասարակություն

Հարցազրուցավար Chat GTP-ն․ ի՞նչ խնդիր է լուծում HR Drone հավելվածը

Գործատուն փնտրում է համապատասխան հմտություններով աշխատակցի, 10 դիմողներից երեքն են իսկապես համապատասխանում կազմակերպության պահանջներին։ Մյուս 7-ի տվյալների ուսումնասիրությունը ժամանակի անհարկի կորուստ է։ HR Drone հավելվածը հնարավորություն է տալիս այս գործընթացն ավտոմատացնել․ Chat GTP-ն է ստուգում հավելվածում գրանցված քաղաքացու փորձառություն ու հմտությունները։ Ստարտափի համահիմնադիր Արամ Սահրադյան․

«Կեղծելու առումով շատ բարդ է լինելու, քանի որ Chat GTP-ի միջոցով կարողանում ենք ավտոմատիզացված հարցազրույց կազմակերպել։ Այսինքն, եթե նշել եմ, որ X մասնագետ եմ, համակարգն ինձ հարցնում է՝ ցանկանո՞ւմ ես քո այդ մասնագիտությունը հաստատել։ Գործատուն տեսնում է հաստատողներին, հետևաբար չհաստատողները գործատուին այնքան էլ չեն հետաքրքրի։ Հաստատելուց հետո ավտոմատիզացված թեստ է սկսվում, շփվում եմ բոտի հետ, որն ինձ հարցեր է տալիս, փորձում է հասկանալ իմ մակարդակը։ Վերջում հայտնում է, թե տոկոսային առումով հարցերի որ մասին եմ ճիշտ պատասխանել։ Օրինակ՝ մեր թիմի Senior Node.js-ը (ավագ մասնագետ), հանձնեց թեստը, եկավ ասեց՝ տեսեք 100 տոկոս է իմ արդյունքը։ Չէինք կասկածում, որ նա 100 տոկոսանոց արդյունք կգրանցի, բայց սա նաև նշանակում է, որ Chat GTP-ն կարողանում է բարդ հարցել տալ»։

Անդրադառնալով նոր տեխնոլոգիայի առաջ բերած մարտահրավերներին՝ Սահրադյանը նշում է՝ ճկուն լինելու դեպքում այն հնարավոր է օգտագործել և դրա հիման վրա բիզնես կառուցել։ Արդեն կան օրինակներ, նոր մասնագիտությունն էլ կոչվում է Prompt Specialist․

«Հիմա անընդհատ գովազդ եմ տեսնում՝ պատրաստի 1000 պրոմպտ Chat GTP-ի համար, արժեքը՝ 10 դոլար։ Կարծում եմ՝ այդ մարդիկ 1000 պրոմտ գրելու վրա  մեկ-երկու շաբաթ են ծախսել։ Հնարավոր է՝ այդ մարդիկ արդեն միլիոնատեր են դարձել , քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ կգնեն դա, քանի որ եղած-չեղածը 10 դոլար է։ Ցանկացած նոր տեխնոլոգիա ստեղծում է նոր հնարավորություններ»։

Սահրադյանը պատմում է, որ ընկերությունը հիմնելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ անձամբ է աշխատակիցներ գտնելու բարդ խնդրին բախվել։

«Աշխատանքի հայտարարություն հրապարակեցինք ու հարյուրավոր CV-ներ ստացանք, որոնք չէին համապատասխանում այդ աշխատանքին։ Առաջին հերթին շատ երկար սպասում էինք, երկրորդը՝ բավական ժամանակ պետք է տրամադրեինք, բոլոր ինքնակենասագրականները ուսումնասիրելուն։ Եվ դա հարմար չէր։ Որոշեցինք հավելված ստեղծել մարդկանց համար, որոնք աշխատանք են փնտրում․ կլրացնեն իրենց հմտությունները, փորձը, լեզուների իմացությունը, հաստիքի ակնկալիքը և այլն։ Գործատուն իր հերթին գրում է ոչ թե սովորական աշխատանքի հայտարարություն, այլ նաև նշում այն հմտությունները, աշխատանքային փորձը, որը թեկնածուն պետք է ունենա։ Մենք այդ երկուսին միացում ենք իրար և ստանում, թե տոկոսային հարաբերակցությամբ միմյանց որքանով են համապատասխանում»։

Ստարտափի թիմը հասնում է 30-ի։ Նրանից մեկը վերջերս հենց հավելվածի միջոցով է աշխատանքի ընդունվել։ Օգտատերերի թիվը հասնում է 3 000-ի։ Հավելվածը ստեղծելուց առաջ ուսումնասիրել են միջազգային շուկայի լավագույն փորձը։ Այս պահին իրենց ստարտափը երկու գործառույթով գերազանցում է մյուսներին․ առաջինը քննություն անցկացնող Chat GTP-ն է, երկրորդը՝ անոնիմ լինելը։ Օգտատերը կարող է նաև անանուն գրացվել, քանի որ երբեմն նոր աշխատանքի փնտրտուքը խնդիրներ է առաջացնում տվյալ պահի աշխատավայրում։

«Սա նշանակում է, որ աշխատանք փնտրողը լրացնում էիր տվյալները, բայց նաև նշում է, որ ցանկանում է լինել անոնիմ։ Գործատուն տեսնում է այդ տվյալները, որոնք գուցե 98 տոկոսով համպատասխանում են իր պահանջներին, բայց չի տեսնի իմ անունը, նկարը և կոնտակտները, սակայն կկարողանա ինձ գրել»։

Արամ Սահրադյանը 12 տարի ծրագրավորման բնագավառում է։ Ապրում է թվայնացման ոլորտում առաջատար երկրներից մեկում՝ Էստոնիայում։ Տեխնոլոգիական հաբ համարվող երկրի թվայնացման գործընթացում սեփական ներդրումն է ունեցել․ ընտրությունների քվեարկությունն օնլայն համակարգի հեղինակներից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս էստոնացիներին քվեարկել ցանկացած վայրից և ժամին։ Նույն համակարգը ներդրվել է նաև Էստոնիայի խորհրդարանում․ պատգամավորները նիստին կարող են մասնակցել, ելույթ ունենալ և քվեարկել՝ խորհրդարանում ֆիզիկապես ներկա չլինելով։

Հայաստանը ևս գնում է թվայնացման ճանապարհով, սակայն այս գործընթացում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Եթե թվայնացմանը զուգահեռ նաև պաշտպանական մեխանիզմներ չներդրվեն, կարող է կրկնվել 2007թ-ի Էստոնիայի սցենարը, երբ հաքերային հարձակման հետևանքով երկիրը կաթվածահար եղավ, ինչից հետո ՆԱՏՕ-ում կիբերանվտանգության մեծ ստորաբաժանում ստեղծվեց։ Սա նշանակում է՝ եթե չես պաշտպանում, ապա վտանգում ես քաղաքացիներիդ անձնական տվյալները։ Մասնագետների դիտարկմամբ՝ կիբերանվտանգության կենտրոնը պետության վրա թանկ է նստելու, սակայն 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ռիսկերը շատ ավելի թանկ են, քան՝ բուն կառույցի ստեղծումը։

Back to top button