ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ են Արցախում դարձյալ փոխում Սահմանադրությունը

Արցախի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Սահմանադրության փոփոխության նախագիծը, որը մշակել  է Արցախի նախագահի աշխատակազմը: Առաջարկվում է հաստատել կառավարման կիսանախագահական մոդել՝ գործող  նախագահականի փոխարեն: Փոփոխությունը հիմնավորվում է արտակարգ իրողությունների պայմաններում մարտահրավերներին հակազդելու ճկունության անհրաժեշտությամբ։ Փորձագետները, մինչդեռ, կարծում են, որ ըստ ամենայնի, բուն խնդիրը ոչ թե ճկունությունն է, այլ առկա իրողություններն ու եղած իրավիճակը, այսպես ասենք, «փաստաթղթավորելը»։

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախօրեին նիստում քննարկվել է ԱՀ նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը։ Այն ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժիրայր Միրզոյանը: 

«Նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին՝ հաշվի առնելով ԱՀ անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, կարծում է, որ ըստ ամենայնի, բուն խնդիրը ոչ թե ճկունությունն է, այլ առկա իրողությունները, այսպես ասենք, «գետնի վրա եղած» իրավիճակը «փաստաթղթավորելը».

«Խնդիրը Սահմանադրությունն առկա իրավիճակին համապատասխանեցնելն է, այդ կերպ նաև պատասխանատվության և լիազորությունների շրջանակը իրական կյանքում եղած քաղաքական հարաբերությունների «ճարտարապետությանը» համապատասխանեցնելը: Թերևս սա է բուն մոտիվը Սահմանադրությամբ նախատեսվող փոփոխության։ Բանն այն է, որ կա գերնախագահական մոդել, սակայն գործնականում բոլորի համար պարզ է, որ իրական «գետնի վրա», հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունների բարդ ու չափազանց ծանր հանգամանքը, նախագահ Արայիկ Հարությունյանը գործնականում չունի այդ գերնախագահական մոդելին համարժեք քաղաքական ազդեցություն, ես կասեմ՝  նաև, նույնիսկ,  մոտիվացիա՝ հաշվի առնելով այն այն բարդությունները, որ կան։ Այսինքն՝ միանձնյա պատասխանատուի դերում մնալու մոտիվացիա»:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է, որ 44-օրյա պատերազմից հետո հայտարարությունների մակարդակով խոսվում է Արցախում ընտրությունների անհնարինության մասին։ 2020 թվականին ընտրված նախագահի ու Ազգային Ժողովի լիազորություններն ավարտվում են նույն օրը, իսկ Սահմանադրության կարգավորումներով, եթե նախագահը հրաժարական է տալիս, կամ այս կամ այն պատճառով նրա հետագա պաշտոնավարումը, թեկուզ Ազգային Ժողովի կողմից անվստահություն հայտնելու դեպքում, անհնար է դառնում, ապա Խորհրդարանն ինքը ևս լուծարվում է։ Հետևաբար՝ առաջարկվող փոփոխությունները միտված են նման իրավիճակները կարգավորելուն։

«Սա միանշանակ բխում է մարտահրավերներից։ Առաջին հերթին՝ Արցախում ձևավորված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու և ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու անհրաժեշտությունից։ Եթե ունենանք նույն իրավիճակը, ապա  Արցախում հնարավոր չի լինելու, պարզապես ստեղծված իրավիճակը թույլ չի տալու նոր ընտրություններ կազմակերպել։ Անհրաժեշտություն է, որ նման իրավիճակի հաղթահարման ու առանց իշխանություն չմնալու համար ԱԺ-ի կողմից ընտրվի նախագահ իքս ժամանակում»։

Արցախի ԱԺ-ի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կա, քանի որ 2020-ի պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ 2017-ին ընդունված Սահմանադրությունը նման իրավիճակներում գործուն չէր և Արցախին հարկավոր է կառավարման կիսանախագահական համակարգ։ Այս առումով ընկալելի են համարում փոփոխությունը.

«Որովհետև, մի կողմից, այո՛, իհարկե, նման իրավիճակում հնարավոր է, որ հրատապ լինի նոր նախագահ ընտրելու հարցը և մեզ գործող Սահմանադրությունը հնարավորություն չտա այդ քայլին գնալ»։ 

Մյուս կողմից, սակայն, ընդդիմադիր խմբակցության համար ընկալելի չէ, թե ինչու են առանձին հոդվածներ փոփոխվում որոշակի շտապողականությամբ, երբ ամբողջ Սահմանադրությունը հանրաքվեով փոխելու կարիք կա։

«Միգուցե, էլի ինչ-որ հերթական խաղերից մեկն է, որը մենք դեռևս չենք հասկացել՝ ինչի համար է դա արվում։ Ամեն դեպքում, դեռ վերջնական որոշում չունի խմբակցությունը»։

Արցախում գործող կարգի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի պարագայում խորհրդարանում քննարկվելուց  և ընդունվելուց հետո նշանակավում է համաժողովրդական հանրաքվե։ Մեկ հոդվածի փոփոխությունը, սակայն, համաժողովրդական հանրաքվե չի պահանջում։ ԱԺ-ում հավանության արժանանալուց հետո այն ուղարկվում է Գերագույն դատարան, որի որոշմամբ էլ դրվում է կիրառության մեջ։

Back to top button