ԿարևորՀասարակություն

Երևանից դեպի Կապան կանոնավոր փոխադրումներ իրականացնելու նպատակ կա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքին:  Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատվել երեկ Երևանից Կապան տեղի ունեցած փորձնական թռիչքի արդյունքները։

«Երկու նպատակ ունեինք․ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը և օդանավակայանին մոտեցող թռիչքների ու վայրէջքների սխեմաների փորձարկումները։ Կարծում եմ՝ ամբողջը  բարեհաջող ընթացել է, առաջին գնահատականն այդպես է։ Մոտ երկու ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ երկրորդ մոտեցումներ թռիչքուղղու ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Գնել Սանոսյանի խոսքով՝ եղել է, որ ինքնաթիռը երկու րոպե սարքավորումներին չի երևացել, ինչը տեխնիկական հարց է. «Մենք դա էլ էինք ուզում հասկանալ, պետք է շտկենք սարքավորումները։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ 46 րոպե է տեղի ունեցել, կարծում ենք, որ կանոնավոր թռիչքի դեպքում կունենանք 4-5 րոպեով կարճ թռիչք, քանի որ սա փորձնական էր ու ավելի դանդաղ էր գնում: Կվերլուծենք 2-3 շաբաթ, որից հետո մնացած գործընթացները կփորձենք իրականացնել»:

Նախարարը նշել է նաև, որ նպատակ կա ունենալ կանոնավոր փոխադրումներ Երևանից դեպի Կապան. «Չի բացառվում, որ նորից անհրաժեշտություն լինի փորձնական թռիչք անցկացնել, սարքավորումները կփոխվեն, որպեսզի ամբողջ ընթացքում ինքնաթիռը տեսանելի լինի»։

Back to top button