ԿարևորՀասարակություն

Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։

Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և նրանց ծնողներին, հույս է հայտնել, որ նրանց հաջողությունները շարունակական կլինեն. «Վստահ եմ՝ սրանք ամենափոքր հաջողություններն են, որ դուք գրանցել եք և դեռ գրանցելու եք ձեր ուսումնառության և հետագա, ինչու ոչ, աշխատանքային գործունեության ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին, քանի որ նաև իրենց ջանքերով է պայմանավորված այս արդյունքը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ գործընթացում ներգրավված ցանկացած մասնակցի ներդրումը շատ կարևոր է արդյունքների ապահովման տեսանկյունից: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն իր ցավակցությունն է հայտնել ֆիզիկայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ անվանի գիտնականի աշակերտները կշարունակեն նրա գործը և հիշատակը վառ կպահեն:

Back to top button