ԿարևորՀասարակություն

Շրջափակված Արցախում խորանում են գյուղոլորտի խնդիրները

Արցախում գյուղատնտեսական աշխատանքները սկսված են, բայց, շրջափակումով պայմանավորված, ամեն օր խնդիրներն ավելի ու ավելի են սրվում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի գյուղատնտեսության նախարար Գրիգորի Հայրիյանը ասում է, որ այս տարի նախապատվությունը տվել են բանջարանոցային կուլտուրաներին, հացահատիկաընդեղենային մշակաբույսերին։ Բացի այդ, փորձումն են այնպես կազմակերպել աշխատանքները, որ ջրառատ սեզոնին կարողանան լուծել նաև ոռոգման խնդիրը։ Գյուղանախարարի խոսքով՝ հոսանքի պակասը լուրջ հարված է հասցնելու Արցախի գյուղատնտեսությանը։ Անցյալ տարի ոռոգովի հողատարածքների 75 տոկոսը մեխանիկական, 25 տոկոսն էլ ինքնահոս եղանակով են ջուր ստացել։ Նախարարը հիշեցնում է, որ Արցախում տարածքներ կան, որոնք մեխանիկական եղանակով են ոռոգվում։

«Գիտենք, որ մինչև հուլիսի 1–ն է լինելու նորմալ քանակի ջուր, որ կարողանանք ինքնահոս եղանակով ջրել, ցանքսը անում ենք այդ քանակով։ Եթե ջրի հոսքը նվազի, ապա չենք կարողանա ջրել։ Պլանավորում ենք, որ կարողանանք ջրել։ Առանց հոսանքի լուրջ խնդիրներ կունենանք»,– ասում է Գրիգորի Հայրիյանը։

Հունվարի 9–ից վնասված է Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ հայ մասնագետներն այն վերանորոգեն։ Հունվարի 9–ից Արցախը միայն ներքին ռեսուրսների հաշվին է կարողանում ապահովել էլեկտրաէներգիայի պահանջարկը։

Նախարարն ասում է, որ շեշտը դրել են բանջարեղենի, գարնանացան հատիկեղենի վրա։ Փորձում են նաև անասնակերի բազան ապահովել։ Արցախում անասնակերի լուրջ խնդիր կա։

«Անասնակերի տեղական պաշարները սպառվում են, սկսել ենք ներկրումը։ Այն սահմանափակ քանակությամբ ենք ներկրում, քանի որ Կարմիր Խաչի միջոցով ենք ներկրումն իրականացնում։ Առաջնահերթությունը տվել ենք սննդի ներկրմանը։ Հեշտ չէ 120 հազար մարդու սննդի հարցը լուծելը»,–ասում է Գրիգորի Հայրիյանը։

Նախարարը նաև նշում է, որ նախապատվությունը տվել են սերմերի ներկրմանը։ Քանի որ տեղափոխման հնարավորությունը շատ քիչ է, նախկին ծավալի համեմատ այժմ ավելի քան հինգ անգամ քիչ սերմացու է ներկրվում։

Back to top button