ԿարևորՀասարակություն

Արամ Երկանյաններ ու Սողոմոն Թեհլերյաններ դեռ էլի են ծնվելու․ Երևանում բացվեց «Նեմեսիս» աղբյուր-հուշակոթողը

«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ «Նեմեսիս» գործողության մասնակից, Բեռլինում Թալեաթին գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի հենց այս խոսքերն են արձանագրված այն հուշաղբյուրի վրա, որն այսօր բացվել է Երևանում։ Հուշակոթողը տեղադրվել է մայրաքաղաքի ավագանու որոշմամբ։

Զրուցակցիս՝ Վլադիմիր Մարիկյանի ձեռքում իր պապի՝ դաշնակակցական գործիչ Արամ Երկանյանի հուշամեդալն է։ Այն Երկանյանին շնորհվել է «Վան Վասպուրական» հայրենակցական միության կողմից՝ ցեղասապանության կազմակերպիչներին ու իրականացնողներին մահապատժի ենթարկելու համար։

«Նրանք ապացուցեցին,  որ մենք միշտ պետք է պայքարենք, ու ոչ-ոք չի կարող մեզ ցեղասպանել։ Ինձ թվում է՝ Արամ Երկանյաններ ու Սողոմոն Թեհլերյաններ դեռ էլի են ծնվելու՝ հիմա էլ։ Այսիքն՝  հիմա էլ կան, դեռ ժամանակը չի եկել իրագործելու»,-ասում է Վլադիմիր Մարիկյանը։

 1919 թ-ին Դաշնակցության ընդհանուր ժողովում որոշում կայացվեց հատուկ մարմին ստեղծել հատուկ նպատակով՝ պատժելու Թուրքիայում Հայոց ցեղասպանության պատասխանատուներին։ Ժողովի կողմից հավանության արժանացած այդ որոշումը կոչվեց «Հատուկ գործ»։ Հանրությանն այն հայտնի է  հունական վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմսիսի անունով։ Երեք տարի շարունակ, գործելով Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ու Թուրքիայում, վրիժառուները ոչնչացրին մոտ երկու տասնյակ հանցագործների՝ Ցեղասպանություն իրականցնող պարագլուխներին։

Քանի որ գործը խիստ գաղտնի էր, տարիներ շարունակ գաղտնազերծված չէին «Նեմեսիսի» կազմակերպիչներն ու անդամները։ Այժմ արդեն հերոս հայորդիների պատմությանը սերունդները կծանոթանան նաև մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում տեղադրված հուշարձանի միջոցով։

Հուշակոթողի բացման արարողության ժամանակ հնչում են «Նեմեսիս» գործողությունն իրականացնողների անունները․

«Սողոմոն Թեհերյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր-Պողոսյան»։

«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ «Նեմեսիս» գործողության մասնակից, Բեռլինում Թալեաթին գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի հենց այս խոսքերն են դաջված հուշաղբյուրի վրա։

Նախատիպը չունեցող հուշարձան է, ասում է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը․

«Հետևյալ խնդիրն է դրված եղել։ Ցույց տալ տղաների վեհությունն ու որակը, կուռ ամրությունը, նպատակասլացությունը և տղամարդկային որակը, արժանապատվությունը իրենց գործի անհրաժեշտության նկատմամբ»։

Նախագիծը մշակելիս երեք խորհուրդ են պատկերացրել, ասում է Արամ Երկանյանի ժառանգներից լրագրող Արտյոմ Երկանյանը՝ առաջին տեղում արժանապատվություն է․

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ  կլիներ, եթե այդ գործողությունը չլիներ։ Մենք հոգեբանական բարդույթներից տառապող ազգ էինք լինելու։ Ինչ էզգում մարդ, երբ գիտի, որ իր որդուն սպանած ոճրագործը քայլում է քաղաքի փողոցներով։ Այս հուշարձանով հիշեցնում ենք բոլորին՝ այն ցեղասպաները, որ այսօր են ծրագրում իրենց ոճրագործությունը, պետք է գիտակցեն, որ Երևանում կա հուշարձան այն մարդկանց, որ պատժել են իրենց նմաններին։ Եվ պատահական չէ, որ արձանի վերևում դատարկ տեղեր կան»։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն հուշաղբյուրի բացումը պատմական է համարում․

 «Այսօր մեզ, ավելի քան երբևէ, պետք է արժանապատվություն։Կա այս հուշարձանը, կա այս հանրությունը, կա ՀՀ-ը, կա Արցախի Հանրապետությունը»։

Նշենք, որ աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ։ Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին վրիժառուների ժառանգները:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան․

«Աշխղեկը՝ Հայկը, 44-օրյա պատերազմից հետո զենքը դրել էր ու ամիսներ շարունակ չոքած կերտել մեր արժանապատվության այս գրանիտյա ուղղափառ սյունը»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շեշտում է՝ «Նեմեսիսի» պատմությունն արդարության վերականգնման մասին է, և պատմության ոճրագործությունները երբեք անպատիժ չեն մնում․

«Մենք այժմ ևս գտնվում ենք ծանր դրության մեջ, մեր երկրին շարունակում են իրապես մեծ վտանգներ սպառնալ։ «Նեմեսիսի» պատմությունը հայ ժողովրդի կամքի մասին է։ «Նեմեսիսի»  պատմությունն այն արդարության վերականգնման մասին է, որը պարտադրված և հարկադրված է եղել»։

Back to top button