ԿարևորՀասարակություն

Ճապոնական գործադո՞ւլ, թե՞ սառեցման գործընթաց․ զենքի մասին օրենքի կիրառումը հետաձգվում է

«Զենքի շրջանառության կարգավորման մասին»  օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ ապրիլի 28-ին, պետք է ուժի մեջ մտներ։ Սակայն այն վերանայելու և խմբագրելու անհրաժեշտություն է առաջացել։ Հիմնական պատճառը փաթեթից բխող երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունումն է։ Կառավարությունն առաջարկում է օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև հուլիս 1-ը։ Օրենքը հեղինակած պատգամավորները և քաղհասարակության ներկայացուցիչները հակադարձում են՝ փոփոխությունները երկար են քննարկվել և ձգձգումն անտեղի է։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունները ապրիլի 28-ից ուժի մեջ չեն մտնի։ Նույն օրենքում նախատեսվող  նոր փոփոխությամբ գործադիրն առաջարկում է դրա կիրառումը  հետաձգել  2 ամսով։  ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝   պատճառներից մեկը ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններն են, մյուսը՝ դեռևս չընդունված ենթաօրենսդրական ակտերը։

«Օրենքում բավական լավ և նորարար դրույթներ ունենք, որոնք ենթաօրենսդրական դաշտի տեսանկյունից ուսումնասիրություններ են ենթադրում, որ կարողանանք դեռևս չկարգավորված հարաբերությունները կարգավորել։ Որոշ ակտեր կան, որոնք պարզապես թարմացման կարիք ունեն․ դա հեշտ աշխատանքի դաշտից է, բայց որոշ հարցեր էլ կան, որոնք միջազգային պրակտիկայի ուսումնասիրություն են ենթադրում և արդյունքների գնահատում միջազգային պրակտիկայում, որ կարողանանք ենթաօրենսդրակա դաշտում իրացնել այն ոգին, որը դրվել է «Զենքի շրջանառության մասին» նոր օրենքի շրջանակում»։

Երկու ամիսն  այն ժամկետն է, որը   հնարավորություն կտա մինչև վերջին ռիսկը գնահատել և 30 ենթաօրենսդրական ակտերն էլ ընդունել՝ ասում է ՆԳՆ նախարարի տեղակալը։

Օրենքի նախագիծը հեղինակած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նկատում է՝ նախագիծը քննարկվել է 11 ամիս, նախնական տարբերակում առաջարկվել է  կիրառության մեջ դնել  հունվարի մեկից։ Սակայն գերատեսչության հետ քննարկումներից հետո հետաձգվել է մինչև ապրիլի 28-ը։

«Այսինքն՝ այդ երեք ամիսն արդեն ավելացրել ենք։ Ինչի համար եմ սա արձանագրում, տիկին Սարգսյան, որ կառուցվածքային փոփոխությունն եք բերում, որպես հետաձգելու հիմնավորումներից մեկը, ինձ մի հարց է հետաքրքրում, որքանո՞վ ենք ապահովագրված այն ռիսկից, որ եթե վաղը, մյուս օրը նորից ինչ-որ կառուցվածքային փոփոխություններ չլինեն, մենք ևս մեկ անգամ այս նախագծի հետաձգման հարցով չենք գալու։ Մենք ենթաօրենսդրական ակտերի  նախագծեր ունեինք, որոնք պետք է ներկայացված և ընդունված լինեին դեռ հունվարի 3-րդ տասնամյակին։ Ինձ համար այս տեսանկյունից լուրջ ինստիտուցիոնալ խնդիր է, և առնվազն պետք է արձանագրեմ՝ մարդիկ պետք է լինեն, որ պատասխանատվություն կրեն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավորԱրծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը փաստում է, որ օրենդրական  վարչարարությունը պատշաճ չի իրականացվում։

«Սա նշանակում է, որ օրենսդրական վարչարարության տեսակետից նաև պառլամենտի ներուժը պետք է օգտագործվեր՝ այդ ակտերն արագ մշակելու, հանրային քննարկման դնելու համար։ Տիկին Սարգսյան, չմոռանանք, որ այդ ակտերի նախագծերը նաև հանրային քննարկման պետք է անցեն, և բազմաթիվ անձինք պետք է իրենց տեսակետը հայտնեն սրանց վերաբերյալ։ Այսինքն, իրականում, իմ գնահատմամբ, այդ ժամկետն էլ, որ Դուք ասում եք կարող է, նույնիսկ, իրատեսական չլինել»։

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» նախագահ Նարեկ Ներսիսյանը մասնակցել է օրենքի փոփոխությունների մշակման ողջ ընթացքին։ Նկատում է՝ երբ նախագիծը սկսվեց շրջանառվել, ոստիկանապետը նույն պատճառաբանությամբ հետաձգեց ընդունումը։ Այս հետաձգումն արդեն հարցեր է առաջացնում։

«Որպեսզի լավ պատկերացնեք, հրաձգարանների մասը հունվարի մեկից ուժի մեջ է մտել։ E Draft-ում հրաձգարանների լիցենզավորման կարգը մոտավորապես հունվարի կեսերից է կախված, և մինչ օրս Կառավարություն չի ներկայացվել կամ ներկայացվել է և չի հաստատվել այն դեպքում, որ ամեն ինչ պատրաստ է և քննարկվել է։ Հետևաբար, այն պատճառաբանությունը, որ այսօր փոխնախարարը բերեց, բացարձակ անհիմն էր։ Այստեղ մարդկանց, անձի հարց է դրվում, ոչ համակարգի, ինչպես ներկայացվում է»։

Ներսիսյանը նկատում է՝ ստեղծված իրավիճակը կասկածներ է առաջացնում․ կամ օրենսդրական փոփոխությունները շուտ ընդունելու ցանկություն չկա, կամ էլ «ճապոնական գործադուլ» է ընթանում։ Այսինքն՝ հաշվետողականությունը պահպանվում է, թղթաբանությամբ ամեն ինչ կարգին է, իսկ իրականում աշխատանք չի կատարվում։

Նույն ժամկետն առաջարկվում է նաև «Լիցենզավորոման մասին» օրենքում փոփոխությունեններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով սահմանվում են հրաձգարանների լիցենզավորման պահանջը, կարգն ու պայմանները ։ Հայաստանում առաջին քաղաքացիական հրաձգարանը հիմնած «Ազատազէն» Ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով օրենքի կիրակման հետաձգումը ևս 2 ամսով անընդունելի է համարում՝ ընգծելով, որ այն խոչընդոտում է գիտակից քաղաքացիների զինվելուն և մարզվելուն, զենքի առողջ մշակույթի ձևավորմանը:

«Մեր պետության ունեցած հարևանների և ներկա մարտահրավերների պարագայում նման վարքը համարում ենք հանցավոր անգործություն և ակնկալում ենք հստակ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-նշված է հայտարարության մեջ։

Օրենսդրական փաթեթը խորհրդարանում քննարկվում էր արագացված  ընթացակարգով։ Նախագծի երկրորդ ընթերցումից առաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց օրենքի կիրառումը հետաձգել ոչ թե երկու, այլ մեկ ամսով։

ՆԳՆ փոխնախարարը արձագանքեց, որ պատրաստ են քննարկել ժամկետի նվազեցումը՝ հավելելով այս երկարաձգումը չի ստվերում օրենքի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Առաջարկն ընդունվեց՝ 56  կողմ ձայնով։

Back to top button