ԿարևորՀասարակություն

«Մատյան մարդասիրաց»․ Մատենադարանում ցուցադրվում է 21-րդ դարի առաջին ձեռագիր մատյանը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Մատենադարանում հատուկ ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Այն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների պատմությունն ու գործունեությունը, արտացոլելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային ազդեցությունը:

14 -ամյա Անահիտ Գրիգորյանը սովորում է Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայում: Նա այն 11 երեխաներից մեկն է, որոնք  աշխատել են «Մատյան մարդասիրաց»  ձեռագրի վրա։

«Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի աշակերտները նման աշխատանք առաջին անգամ չէ ,որ կատարում են․ «Մինչ այս աշխատել ենք Ներսես Շնորհալու հեքիաթների վրա, Թորոս Ռոսլինին վերաբերվող գործերին ենք  անդրադարձել»։

Ցուցադրության օրը յուրահատուկ արարողությամբ ձեռագրում արձանագրվում են «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների անուններն ու նրանց պատմությունները:

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ ներկայացվել է 2018 թ–ին՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մատենադարանի միջև համագործակցության խորհրդանիշ:

Այն միակ ձեռագիրն է, որ ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ հայ մատենագրության բոլոր ավանդույթներին համապատասխան:

 «Այս մատյանի արժեքը նաև նրանում է, որ այն ստեղծված է միջնադարյան ձեռագրաստեղծման, հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ: Այսինքն՝ հատուկ գրված է մագաղաթի վրա։ Գրում ու նկարազարդում են ձեռքով՝ այնպես, ինչպես մեր մատենադարանի ձեռագրերը»,-ասում է Մատենադարանի տնօրենի ժամանկավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։

2022 թ. «Մատյան մարդասիրաց» ձեռագրի տիտղոսաթերթը նվիրված է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանիին։ «Ավրորայի» մրցանակակիր Ջամիլա Աֆղանին պայքարում է, որ 21-րդ դարում Աղֆանստանում կանայք ու աղջիկները կրթության իրավունք ստանան։

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի Արցախի ձեռագրերի սրահում՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 20-ը: Այն մեկշաբաթյա հատուկ ցուցադրության կդրվի նաև աշնանը, երբ ձեռագրի վերջին էջում կներկայացվի Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը»,-պատմում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը։

Ի դեպ՝ Ավրորա Մարդիգանյանը այս երեխաների տարեկիցն է եղել, երբ վերապրել է Հայոց ցեղասպանությունը և պատմել աշխարհին հայրերի հետ տեղի ունեցած ողբերգության մասին։

Back to top button