ԿարևորՎերլուծական

Ամերիկյան ճանաչումից 2 տարի անց․ ինչ է փոխվել գործընթացում

ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում դարձյալ օգտագործել  է Հայոց ցեղասպանություն տերմինը։

«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը՝ նշելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքով մեկուկես միլիոն հայ տեղահանվել կամ սպանվել է:

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները 2019-ին,  նախագահ Ջո Բայդենը 2021–ին պաշտոնապես ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ են փոխել ամերիկյան այս որոշումները Ցեղասպանության ճանաչման գործընթացում, ի՞նչ արդյունքների են հանգեցրել ու արդյո՞ք ակտիվացրել են գործընթացը։

Արդեն երրորդ անգամ ապրիլքսանչորսյան  իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաբերում է Հայոց ցեղասպանություն տերմինը։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Նրանք պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:

Այսօր թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները», — ուղերձում նշել է Ջո Բայդենը:

2021 թվականին, երբ ԱՄՆ նախագահն առաջին անգամ օգտագործեց ցեղասպանություն տերմինը,  ակնկալիք  կար, որ ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքելու և  գործնական դրսևորումներ է ունենալու։ Այդ ակնկալիքները սակայն, ըստ էության, չարդարացան։

2020 թվականի 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները թույլ չտվեցին ավելի հետևողական լինել, թե՞ աշխարհաքաղաքական զարգացումները ստվերեցին ճանաչման հետագա ընթացքը։ 

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը կարծում է, որ ճանաչման գործընթացն ուղղակիորեն  պայմանավորված է գերտերությունների շահերով։

«Եթե իրենց շահերից բխեր Հայոց ցեղասպանության ճանաչումը, ժամ առաջ ՄԱԿ-ի մակարդակով դա տեղի կունենար։ Չի բխում, քանի որ ճանաչվելու դեպքում շատ փաստեր ի հայտ կգան, օրինակ, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման ուղեղային կենտրոնը եղել է Մեծ Բրիտանիան և 1918 թվականին ՄԲ վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը նշել է այդ մասին, որ Բրիտանական կայսրության քաղաքականության հետևանքով 19 դարի վերջին և 20 դարի սկզբին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը և եթե դա տեղի չունենար հայերի մեծ մասն անցնելու  էր Ռուսաստանի պաշտպանության տակ։ Եվ հենց ինքն էլ նշեց, որ հայ ժողովուրդը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված զոհասեղանի վրա»։

Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև փոխհատուցման հարց առաջ կբերի, ինչը ձեռնտու չէ գերտերություններին՝ կարծում է քաղաքական վերլուծաբանը։  Իսկ Բայդենի կողմից կատարվածը ցեղասպանություն որակելը, նրա գնահատմամբ, քարոզչական հնարք էր և ոչ գործնականում դատապարտելու իրական մտադրություն ։

«Կոսովոյի դեպքում ԱՄՆ-ն ստիպեց, որ մի քանի պետություն ճանաչի Կոսովոյի անկախությունը, այս դեպքում ինչո՞ւ չեն ստիպում։ Հետևաբար՝ դա քարոզչական հնարք էր ցույց տալու համար, որ Արևմուտքը լոյալ է Հայաստանի նկատմամբ։ Նպատակն էր Հայաստանի բարյացակամ վերաբերմունքին արժանանալ, որպեսզի Հայաստանը վստահի Արևմուտքին, բայց սա խաբկանք է»։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մինչդեռ  կարծում է, որ  դատապարտումները, բանաձևերն ու հայտարարությունները  կարևոր են։ Դրանք ապագայում կարող են հզոր գործիք լինել  ճանաչման գործում։

 «Ինչո՞վ են կարևոր դատապարտումները։ Գիտեք, որ Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ․ ընդունել են Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, և ԱՄՆ նախագահի ստորագրման դեպքում դրանք որոշակի ուժ կունենան։ Ցավոք Թուրքիան չի արձագանքում, սակայն դրանք Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք են։ Սակայն տեսնում ենք, որ Թուրքիան այսօր ոչինչ հաշվի չի առնում։ Այդուհանդերձ,  դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն համաշխարհային նշանակություն ունեցող պետություն է, և ԱՄՆ կողմից դատապարտումը աշխարհի երկրների վրա ճնշում գործադրելու միջոց է»։

2019 թվականին  հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող  թիվ 296 բանաձևը: 2019 դեկտեմբերի 12-ին,  չնայած  Թուրքիայի պարբերական սպառնալիքներին, ԱՄՆ Սենատը նույնպես միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ավելի ուշ՝ 2021-ի ապրիլի 24-ին,  2015-ի իրադարձությունները ցեղասպանություն որակեց նաև այդ երկրի նախագահ Ջո Բայդենը։

Back to top button