Հասարակություն

Գրեթե բոլոր խնդիրների արմատը պետք է փնտրել դպրոցում. մտավորականներ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Զրույց ամեն ինչի մասին». Թերևս այսպես բնութագրենք «Դեբատ» ակումբում կազմակերպված օրվա ասուլիսը: Բանաստեղծ, արձակաագիր, հոգեբան, մանկավարժ, նկարիչ ու սոցիոլոգ. Մասնագետների նման պատկառելի խմբի առջև ակումբավարն այսօր բարդ խնդիր է դրել՝ վերլուծել մեր կյանքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, մշակութային ու հոգեբանական իրավիճակը, փորձել լուծումներ առաջարկել այս կամ այն ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Երկար քննարկումից հետո ներկաները եկել են եզրահանգման՝ մեզանում առկա գրեթե բոլոր խնդիրների արմատը պետք է փնտրել դպրոցում:

«Դեբատ» մամուլի ակումբի հյուրերից վերոնշյալ բարդ խնդիրը դրվեց նախ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի առջև, ով հրավիրվածներից առաջինը խոսելով զրույցն ակամայից ուղղորդեց դեպի գրականությունը, այդպիսով, կարելի է ասել, փրկեց իրավիճակը ասուլիսի ընդհանուր տրամաբանության մեջ որոշակիություն մտցնելով: Մինչ գրական թեմային անդրադարձ կատարելը, գրողների միության նախագահն ասաց, որ մեզանում կա ընկալումների պարզունակություն: «Երկրի հասարակական-քաղաքական կյանքում հարցերը բարդ են և դրանց պատասխանները հաճախ լինում են ներվային, մակերեսային, իսկ ջղաձգումների մեջ ճշմարտությունը հաճախ խարխափում է»,-ասաց Միլիտոնյանը: Նրա ցանկացած խնդրի վերաբերյալ կարծիքները հիմնականում ծայրահեղական են և պարտադրող, ինչը վերաբեում է նաև ժամանակակից հայ գրողին ու գրականությանը.«Հաճախ պահանջում են, որպեսզի գրողն արագ արձագանքի ամենօրյա խնդիրներին՝ մոռանալով, որ գրականությունը մեկ օրվա խնդիր չի լուծում»:

Ոչ միայն գրողի, ընդհանրապես արվեստագետի առջև դրված նման պահանջը զարմացնում ու զայրացնում է նաև վաստակավոր նկարիչ Անատոլի Գիրիգորյանին: «Ինչու ասել, եթե ասածը, միևնույնն է, տեղ չի հասնում»,-սա նրա հիմնավորումն է:

«Օլիգարխներից գթություն աղերսել պետք չէ». Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը սրան դեմ է: «Հիշեք Հուդային»,-ասում է, ով նրա համոզմամբ` օլիգարխների նախատիպն է, մարդ, ով 30 արծաթով վաճառեց Տիրջը, Աստծուն, հայրենիքը: Ինչ վերաբերում է երկրի սոցիալ, տնտեսական, հասրակական ու քաղաքական իրավիճակին, ապա բանաստեղծն այն բնութագրում է ՝ դաժան:

«Գրականությունը հավերժանում է իր ժամանակն արտացելով»,-ասաց Մերուժան Հովհաննիսյանը, իսկ Խ. Աբովյանի անվան մակնավարժական համայսարանի դասախոս Մայա Գրիգորյանը խոսեց ժամանակակից գրականության ընկալումների մասին.«Ժամանակակից գրողն ու գիրքը մնում են մեկուսացված հասարակությունից: Գրողները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ավագ դպրոցներին»:

«Իսկ արդյոք դպրոցն ու դպրոցական մանկավարժն այսօր հետաքրքրված են ժամանակակից գրողներով ու նրանց ստեղծած գրականությամբ»,-առաջարկին անմիջապես արձագանքեց Հայաստանի գրողների միության նախագահը: «Իհարկե այս առումով խնդիր կա»,-համաձայնեց երիտասարդ մանկավարժը: «Գրական հանդիպումները դպրուցում, թե դպրոցից դուրս, իհարկե, խրախուսելի են, բայց ոչ երիտասարդին դեպի գրականությունն առաջնորդելու լավագույն միջոցը: Խնդիրը չի լուծվի, քանի դեռ մենք ունենք դասագրքեր, որտեղ գրականությունը մատուցվում է գրականագիտության տեսքով: 10-ը 12 տարեկան ընթերցողին մատուցում ենք բարդ գրականագիտություն ու ասում՝ սրա միջոցով գնա դեպի գրականություն, չի գնա»,-վստահեցնում է նույն համալսարանի գրականության ամբիոնի դոցենտ Նաիրա Տողանյանը:

«Խորհիդային կարծրատիպերով աշխատող մանկավարժների ժամանակներն այլևս անցյալում են»,-արձանագրեցին օրվա բանխոսները՝ մեզանում առկա գրեթե բոլոր խնդիրների արմատը տեսնելով հենց դպրոցում:

Back to top button