Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է հանդիպել ահացած զինծառայողների ծնողների հետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո հանդիպել է բանակում մահացած զինծառայողների ծնողներին, լսել և պատասխանել նրանց հարցերին: 2007 թվականին բանակում զոհված զինծառայող Տիգրան Օհանջայնանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը դատախազի հետ զրույցում ասել է, որ քրեական գործը արդեն 7 տարի նախաքննության ընթացքում է և յոթ տարի փաստաբան չեն կարողանում պահել: Գևորգ Կոստանյանը Տիգրան Օհանջանյանի մորն ասել է, որ ինքը պատրաստ է ցանկացած իրավաբանի հետ «իրավաբանական հարթության մեջ քննարկել փաստերը»: «Երբ դուք զինվորական դատախազ էիք, մենք այդ հարցերը բարձրացրել ենք, բայց այսքան ժամանակ է անցել, մենք ոչ մի հարցի պատասխան չունենք», -արձագանքել է տիկին Գոհարը` նկատելով, որ գործով կան նոր երևան եկած հանգամանքներ:

«Այդ հանգամանքների շուրջ մենք բազմիցս քննարկել ենք ու Ձեր իրավաբանի ներկայությամբ սպառիչ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Քննարկել ենք միաժամանակ նոր քննչական գործողություներ կատարելու անհրաժեշտությունը: Եթե դուք գտնում եք, որ դարձյալ լրացուցիչ հանգամանքներ կան, էլի քննարկենք, տիկին Գոհար»,- նկատել է գլխավոր դատախազը: Սպանված զինծառայողի մոր և գլխավոր դատախազի միջև զրույցի արդյունքում Կոստանյանն առաջարկել է իրավաբանի օգնություն, որին տիկին Գոհարը համաձայնեց, և նրանք պայմանավորվեցին հանդիպել հաջորդ շաբաթ:

«Եկող շաբաթվա մեջ ես կհրավիրեմ, լա՞վ», -ասել է գլխավոր դատախազը և ստանալով Գոհար Օհանջանյանի դրական պատասխանը ավարտեց զրույցը նրա հետ:

Բացի տիկին Գոհարից, Կոստանյանը նաև մյուս զոհված զինծառայողների մայրերի հետ խոստացել է հանդիպել: «Ես նորից եմ ասում` ցանկացած գործ, այդ հանցագործությունների հետ կապված, կքննարկենք: Ուզում եք հրապարակային, այդ թվում` լրատվամիջոցների մասնակցությամբ, ես պատրաստ եմ, ինձ համար որևէ խնդիր չկա»,- նշել է Գևորգ Կոստանյանը: Ծնողները այս առաջարկին ևս դրական են արձագանքել:

Back to top button