Կրծքագեղձի քաղցկեղը մահավճիռ չէ, ասում է գերմանացի գինեկոլոգը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Եռօրյա այցով Երևանում է գերմանացի բժիշկ-գինեկոլոգ Յոահիմ Կոխը, ով այստեղ է եկել գինեկոլոգիական ծառայությունների գերմանական նորարարությունները հայաստանյան մասնագետներին փոխանցելու համար: Բժշկի փոխանցմամբ` աշխարհում լայն տարածում ստացած կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղը գնալով աճ է գրանցում, սակայն վերոնշյալ հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար Գերմանիայում լուծումները բավականին են, ասել է բժիշկ-գինեկոլոգը:
Դարի չարիք հանդիսացող կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը մահավճիռ չէ: Այն վաղ ախտորոշելու, կանխելու և կամ բուժելու համար աշխարհում կիրառվում են նորարարություններ: Գերմանացի բժիշկ- գինեկոլոգ Յոահիմ Կոխը եռօրյա այցով Երևանում է: Մասնագետի նպատակն է Գերմանիայում կիրառվող հետազոտական նորարարությունները, որոնք հնարավորություն են տալիս ավելի վաղ ախտորոշել արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը և կանխել այն, փոխանցել հայ մասնագետներին: Սակայն եթե արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղը, ապա մտահոգվելու կարիք այստեղ նույնպես չկա: Նորարարական միջոցներով դա էլ է հնարավոր բուժել, չկորցնելով կուրծքը:
«Եթե 10 տարի առաջ կինն ուներ կրծքի քաղցկեղ, այդ օրգանը կորցնում էր: Սակայն այսօր կարող եմ ասել, որ նման հիվանդությամբ ոչ մի կին չի կանգնում այդ խնդրի առջև, կարելի է ասել, շատ հազվադեպ դեպքերում է միայն լինում»:
Մասնագետի խոսքով`պետք է փորձեն հիվանդության բուժման համար շատ դեպքերում կիրառվող թանկարժեք քիմիոթերապիան, որն ընդունելու համար հիվանդները շատ դեպքերում մեկնում են Գերմանիա, հասանելի դարձնել նաև այստեղ` IMZ կենտրոնում:
Վիրահատական միջամտությունները հնարավոր կլինեն կատարել կամ Երևանում, Կամ Գերմանիայում, սակայն քիմիաթերապիան, որի ընդունման ժամկետը, գինեկոլոգի փոխանցմամբ, մեկից- մեկ ու կես տարի է, հնարավոր կլինի ստանալ նաև Երևանում, Գերմանիայում վերապատրաստման մեկնած մեր մասնագետների շնորհիվ: Գերմանացի բժշկի խորհդատվությունները կարժենան 50. հազար դրամ ներառյալ ուլտրաձայնային հետազոտությունը: