ԿարևորՀասարակություն

Աստղանավորդների նոր սերունդը․ հայտնի է «Արտեմիս 2» առաքելության անձնակազմը

1969-ին հուլիսի 20-ին «Ապոլլոն 11» տիեզերանավով մարդն առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի վրա։ NASA-ն լուսնային ծրագիրը շարունակեց մինչև 1972 թվականը։ Դրանից շուրջ 50 տարի անց NASA-ն որոշել է Լուսին վերադառնալ։ Տիեզերական այդ նախագիծը «Արտեմիս» անունն է ստացել։ Հունական դիցարանում Արտեմիսը Լուսնի աստվածուհին է, Ապոլլոնի՝ Արևի աստծո երկվորյակ քույրը։ Դեպի Լուսին թռիչքների դադարեցման պատճառները գիտական կամ տեխնոլոգիական չէին․ հիմանական խնդիրը աստղաբաշխական գումարներն էին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։ 2022-ի նոյեմբերին, մի քանի անգամ հետաձգվելուց հետո, վերջապես մեկնարկեց ծրագրի առաջին փուլը՝ «Արտեմիս 1»-ը։ Թռիչքն իրականացվեց առանց անձնակազմի, փորձարկվեցին NASA-ի՝ երբևէ ստեղծած ամենահզոր, գերծանր հրթիռը և Օրիոն տիեզերանավը։ «Արտեմիս 2»-ն արդեն անձնակազմ ունի։ Այս տարվա ապրիլի 3-ին NASA-ն Կանադայի տիեզերական գործակալության հետ միասին հրապարակեց այն չորս տիեզերագնացների անունները, որոնք 2024-ին մասնակցելու են ծրագրի երկրորդ փուլին։

50 տարի անց մարդու՝ Լուսին վերադառնալու ծրագրի մեկնարկը տրվեց «Արտեմիս 1» առաքելությամբ։ 2022-ի սեպտեմբերին վառելիքի լիցքավորման հետ կապված խնդիրներրի պատճառով այն հետաձգվեց։ Երկրորդ անգամ, հոկտեմբերին, թռիչքը դարձյալ հետաձգվեց, այս անգամ Ֆլորիդայում մոլեգնող «Յան» փոթորիկի պատճառով։ Ի վերջո, «Արտեմիսի» թռիչը կայացավ նոյեմբերի 16-ին, առանց անձնակազմի։

 Այս տարի «Օրիոն» տիեզերանավը Լուսին կհասցնի «Արտեմիս 2» առաքելությանը։  Այս անգամ տիեզերանավում մանեկենների փոխարեն իսկական աստղանավորդներ կլինեն։ Ապրիլի 3-ին NASA-ն հրապարակեց լուսնային անձնակազմի չորս անդամների անունները․

NASA-ի տնօրեն Բիլ Նելսոն․

««Արտեմիս 2»-ի անձնակազմը ներկայացնում է հազարավոր մարդկանց, որոնք անտրտունջ աշխատում են մեզ աստղերին մոտեցնելու համար: Սա նրանց անձնակազմն է, սա մեր անձնակազմն է, սա մարդկության անձնակազմն է։ Միասին սկիզբ ենք դնում «աստղային նավաստիների» և երազողների նոր սերնդի՝ Արտեմիսի սերնդի հետազոտության նոր դարաշրջանին»։

Առաջինը հրապարակվեց տիեզերագնաց Քրիստինա Կուկի անունը։ Նրա առաջին տիեզերական թռիչքը եղել է 2019 թ։ Քրիստինա Կուկն առաջին կին տիեզերագնացն է, որը բաց տիեզերքում միայնակ մասնակցել է արտամոդուլային աշխատանքներին և 328 օր գտնվել է տիեզերքում՝ մեկ տիեզերական թռիչքի ընթացքում։

Առաքելության երկրորդ մասնակիցը Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հենսենն է։ Նա երկար տարիներ եղել է կործանիչի օդաչու։ Սա կլինի Ջերեմիի առաջին թռիչքը դեպի տիեզերք։

Երրորդը հայտնի դարձավ առաքելության երկրորդ օդաչու Վիկտոր Գլովերի անունը։ 2021 թ. Նա, որպես օդաչու, մասնակցել է NASA-ի և SpaceX-ի Crew-1 առաքելությանը։ Վիկտոր Գլովերը 40 տարբեր ինքնաթիռներով իր հաշվին գրանցել է ավելի քան 3000 թռիչքային ժամ։

Վերջինը հայտարարվեց առաքելության գլխավոր օդաչու, առաքելության և թռիչքի հրամանատար, NASA-ի տիեզերագնաց Ռիդ Ուայզմանի անունը։ Սա նրա երկրորդ ուղևորությունն է տիեզերք։ Մինչև վերջերս Ռիդ Ուայզմանը զբաղեցնում էր NASA-ի տիեզերագնացների գրասենյակի ղեկավարի պաշտոնը, իսկ այժմ նրա ղեկավարությամբ կիրականացվի առաքելության առաջին տիեզերական թռիչքը դեպի Լուսին։

NASA-ի թռիչքների ղեկավարման պատասխանատու Նորման Նայթ․

««Արտեմիս 2» առաքելությունը դժվար է լինելու։ Մենք կփորձարկենք մեր հնարավորությունները, կպատրաստվենք ապագա տիեզերագնացներին Լուսնի վրա  իջեցնելուն։ Ռիդը, Վիկտորը, Քրիստինան և Ջերեմին հսկողության տակ են, ես կասկած չունեմ, որ մենք պատրաստ ենք դիմակայել մեր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր մարտահրավերի»:

Առաքելությունը կտևի 10 օր։ «Օրիոն» մարդատար տիեզերանավը Space Launch System գերծանր հրթիռով դուրս կբերվի բաց տիեզերք, որից հետո տիեզերանավն անձնակազմի հետ կուղևորվի Լուսնի ուղեծիր, մի քանի պտույտ կկատարի Երկրի բնական արբանյակի շուրջը և կվերադառնա։ Ամերիկյան հրթիռին, տիեզերանավին և անձնակազմին բարդ խնդիր է սպասվում։ Հաջողելու դեպքում 50 տարի անց մարդու վերադարձը Լուսին և այնտեղ երկարաժամկետ ներկայության ապահովումը կդառնան ավելի իրատեսական։ Այստեղ արդեն ասելիք կունենա նաև Իլոն Մասկի Starship-ը։ Հաջորդ՝ «Արտեմիս 3» առաքելության շրջանակում 2025-2026 թթ նախատեսվում է օդաչուավոր թռիչք կատարել դեպի Լուսին։ 

Իլոն Մասկ․

«Մենք ընտրության առջև ենք կանգնել` ի՞նչ ապագա ենք ուզում՝ աստղերի միջով ճանապարհորդելո՞ւ, թե՞ Երկրին ընդմիշտ կապված մնալու: Ես ընտրում եմ առաջինը՝ գալակտիկաների հետախուզումը և հույս ունեմ՝ դուք ևս միանում եք իմ ընտրությանը»:

Տիեզերանավի վայրէջքի համար NASA-ն 13 վայր է առանձնացրել, որոնք բոլորն էլ Լուսնի հարավային բևեռամերձ շրջաններում են։ Ընտրության հարցում հաշվի են առել SLS հրթիռի, Orion և Starship տիեզերանավերի տեխնիկական հնարավորությունները, տեղանքի լուսավորությունը և Երկրի հետ կապի ապահովումը: NASA-ի մասնագետների կարծիքով՝ նշված վայրերին մոտ գտնվող լուսային որոշ խառնարաններ, որոնց երբեք չեն դիպել արևի ճառագայթները, կարող են սառցաշերտեր պարունակել, որոնց ներսում թաքցնված կլինեն Լուսնի առաջացման շատ հարցերի պատասխաններ։ 

Մինչ օրս Լուսնին հասած բոլոր տիեզերագնացները վայրէջք են կատարել արբանյակի՝ մեզ տեսանելի կողմում, իսկ հակառակ կողմին դեռ մարդկային ոտք չի դիպել:

Back to top button