Սփյուռքի ձայնը

Իսրայելական բալետի առաջատար հայ արտիստը․ «Սփյուռքի ձայնը»

Իսրայելի պետական բալետի գլխավոր մենակատար, պարուսույց, բեմադրող Լյուդվիգ Իսպիրյանը 16 տարի առաջ տեղափոխվեց Թել Ավիվ։ Տաղանդավոր հայ արտիստին նկատել էին նրա դերակատարումներից մեկը դիտելուց հետո։

Պարարվեստի ուսումնարանը դժվարությամբ ընդունված Լյուդվիգ Իսպիրյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում արդեն 16 տարեկանում կերտեց Կարենի դերը՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում։

Հենց այս դերակատարման տեսագրությունը դիտելուց հետո նրան հրավիրեցին Թել Ավիվ։ Իսրայելը, որտեղ մշակույթը բարձր մակարդակի վրա է, Լյուդվիգ Իսպիրյանին իրենց շարքերում տեսնելու համար բավականին լուրջ քայլեր ձեռնարկեցին, նրան շնորհեցին այդ երկրի քաղաքացիություն։

«Ինձ ու իմ աշխատանքը այնքան գնահատվեց այս երկրում, որ մեկ տարով եկա, բայց արդեն 16 տարի այստեղ եմ»,- պատմում է Լյուդվիգը:

Լյուդվիգ Իսպիրյանը նաև պարուսույց է և շատ պահանջված մասնագետ Իսրայելում։ Լինելով ավանգարդիզմի և ժամանակակից բալետի գիտակ՝ նրան նաև վստահում են ժամանակակից պարերի բեմադրությունները:

«Մեր (Երևանի. խմբ) օպերային թատրոնը շատ լավ բեմադրություններ ունի, հրաշալի կլիներ նաև նորարարություններ ու նորովի մոտեցում ևս նկատվեր մեր թատրոնի բեմում»,- նշում է:

Լյուդվիգ Իսպիրյանը պատրաստ է համագործակցել Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հետ, այսօրվա գիտելիքները փոխանցել նոր սերնդին։

Back to top button