Արևմտահայերենն այսօր վտանգված է. քննարկում`ԳԱԱ-ում
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Արդեն 14 տարի շարունակ փետրվարի 21-ը աշխարհում նշվում է որպես մայրենի լեզվի օր, և բնական է, որ հենց այսօր քաղաքակիրթ աշխարհն ավելի շատ է հիշում մայրենի լեզվի առջև ծառացած հիմնախնդիրների մասին: Դարավոր փորձություններ անցած հայոց լեզվի այսօրվա կարևորագույն հոգսերից մեկը Սփյուռքում մեր մայրենիի պահպանման խնդիրն է և պատահական չէ, որ համայն աշխարհում Հայաստանը Սփյուռքի նախարարություն ունեցող եզակի երկիրն է և հենց այդ գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանն էլ այսօր արևմտահայերենը պահպանելու ուղղությամբ մանրամասնեց ծրագրային որոշակի դրույթներ:
«Հայերեն լեզվի մի ճյուղի նկատմամբ պետք է պետականորեն և լուրջ վերաբերմունք դրսևորենք, որն արդեն իրականացվում է: Վկան դպրոցների արևմտահայերեն դասագրքերի պատրաստումն է, շուտով քերականության դասագիրքը կլինի»:
Սա խնդրի լուծման դեռ մի մասն է, իսկ գերագույն նպատակը արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման խնդիրն է, ասում է նախարարն ու հավելում, որ արդեն ստեղծվել է մասնագիտական խումբը:
Նախարարությունը հայաստանյան և սփյուռքյան մասնագետների հետ համատեղ նախատեսում է ստեղծել արևմտահայերենով դասագրքերի փաթեթ, որն առաջիկայում կկիրառեն սփյուռքյան դպրոցներում, ինչն էլ կօգնի լեզվի անաղարտ կիրառմանը: Իսկ Հայաստանում մայրենի լեզվի այս ճյուղը տարածելու և այն կիրառելի դարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են : Մասնագետների վերապատրաստվում են, որոշ դպրոցներում էլ անցկացվում են արևմտահայերենի ոչ պարտադիր դասընթացներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արևմտահայերենը դասվել է մեռնող, վտանգված լեզուների շարքին և Սփյուռքի նախարարի վտանգից փրկվելու համար կոչ է անում բոլոր մասնագետներին աշխատել հայոց լեզվի այս ճյուղի զարգացման ուղղությամբ:
Իսկ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը զուգահեռներ անցկացրեց, թե հայերենի որ ճյուղն է ավելի վտանգված: Նրա կարծիքով` արևելահայերենին Հայաստանում վտանգ չի սպառնում: Գրական արևելահայերենի կիրառման խնդիրներ կան, որոնք էլ, նրա ձևակերպմամբ, լուծելի են, իսկ արևմտահայերենը վտանգված է:
Այսօր արևմտահայերենը Սփյուռքում կանգնած է մարտահրավերների առջև: Դրանցից են խառնամուսնությունները, հայկական դպրոցներում աշակերտների քիչ թվաքանակը, մասնագետների վերապատրաստումը: Արևմտահայերենն առավել սիրելու, ականջին լսելի դարձնելու հարցում Հայաստանում պայմաններն արդեն մեծաթիվ սիրիահայերի ներկայությամբ լուծվել են: