Հասարակություն

Ֆրանսիայի բուհերում շուրջ 1000 հայ ուսանող է սովորում. ծրագիրը շարունակական է լինելու

Աիդա Ավետսիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հնարավորություն է ընձեռում բարձրագույն կրթություն ունեցող հայ երիտասարդներին իրնեց ուսումը շարունակել Ֆրանսիայի պետական բուհերում և դպրոցներում: Գրանցման գործընթացի մեկնարկն արդեն սկսվել է, իսկ ապրիլից էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կսկսի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիրը:

Ֆրանսիական բարձրագույն կրթությունը միջազգային շուկայում առաջնային է, իսկ բուհական համակարգում ընդգրկված օտարերկրյա ուսանողների թվով Ֆրանսիան աշխարհում երրորդ երկիրն է: Աշխարհի տարբեր անկյուններից շուրջ 300 հազար ուսանողներ իրենց ուսումը ստանում են ֆրանսիական բուհերում և բարձրագույն դպրոցներում: Ուսանողների 20 տոկոսն իր ուսումը շարունակում է բակալավրիատում, իսկ 40 տոկոսը պաշտպանում է դոկտորական աստիճանը: Այժմ էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հնարավորություն է ընձեռում հայ ուսանողներին սովորել Ֆրանսիական բարձրագույն կրթօջախներում:

«Ֆրանսիական բուհերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հայ երիտասարդների շրջանում: Ֆրանսիան հայ ուսանողների քանակով ԵՄ-ում առաջին երկիրն է: 2011-2012 թվականներին ֆրանսիական բարձրագույն ամենատարբեր ուսումնական հաստատություններում գրանցվել են շուրջ 1000 հայ ուսանողներ»:

Ֆրանսիայում իրենց ուսումը շարունակած հայ երիտասարդմների շրջանում կատարած հարցման ադյունքները գոհացուցիչ են եղել, ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, և արձանագրում, որ այնտեղ ուսումը շարունակած երիտասարդների շուրջ երեք քառորդը Հայաստանում արդեն զբաղեցրել է համապատասխան պաշտոններ, իսկ 35 տոկոսին էլ իրենց ոլորտներում վերամասնագիատանալու հնարավորություն է ընձեռվել: Դեսպանը խորհուրդ է տալիս օգտվել նման կրթօջախների ուսումնառությունից և հավաստում, որ նման հաճույքը հասանելի է բոլորի գրպանին:

«Ֆրանսիական պետական բուհերում բակալավիրատ ուսումնառությունը շարունակելու գրավչությունը կայանում է նրանում, որ այնտեղ տարեկան անդամավճարը չի գերազանցում 183 եվրոն, իսկ մագիստրոսական աստիճանի համար կրթությունը տարեկան կարժենա 388 եվրո»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան Միշել Կասբարյանի խոսքով` Ֆրանսիան ի տարբերություն այլ երկրների ուսումնառության մեկնարկային փուլում ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման չի համարում: Սակայն ծրագրի հանդեպ հետաքրքրվողներին խորհուրդ է տալիս ֆրանսերենին ծանոթանալ Հայաստանում և միառժամանակ տեղեկացնում, որ Ֆրասիայում կրթական շուրջ 700 ծրագրեր անցկացվում են անգլերենով: Դրանք են կառավարման, զբոսաշրջության, ինժեներատեխնիկական, տնտեսագիտական, մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներին վերաբերող կրթական ծրագրերը:

«Այս ծրագրերը բացի բուն մասնագիտական գործընթացից ուղեկցվում է նաև ֆրանսերենի դասընթացներով, որը հնարավորություն է ընձեռում առարկաների մի մասը հանձնել ֆրանսերենով, որպեսզի հետագայում երիտասարդները չհանդիպեն խոչընդոտների: Իսկ տեղափոխման հարցում ևս հավատիացնում եմ, որ խնդիրներ չեն լինի: Անցյալ տարի անթերի դիմում ներկայացնողներից 10-ից 8-ի վիզա ստանալու հայցը բավարարվել է»:

Ծրագրով հետաքրքրվողները յուրաքանչյուր չորեքշաբթի կարող են դիմել Մոսկովյան 3 հասցեում գտնվող Ալիանս Ֆրանսեզի գրասենյակ:

Back to top button