Տնտեսական

Սևանը`բնապահպանական նոր մարտահրավերների շեմին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Բնապահպանական նոր մարտահրավերների շեմին է հայտնվել Սևանա լիճը: Քաղցրահամ ջրերի այս բնական պաշարին, մասնավորապես, սպառնում է մակարդակի նվազում և աղտոտում:Մարդկային գործոնի հետևանքով տագնապալի իրավիճակին այսօր անդրադարձել է բնապահպան Գագիկ Սուխուդյանը:

Սևանա լճին սպառնում են կառավարության մի շարք որոշումներ, որոնց անդրադարձավ բնապահպան Գագիկ Սուխուդյանը: Ըստ նրա բնորոշման վիճակը տագնապալի է:
Գործադրի նախաձեռնությամբ մոտակա 5 տարիների ընթացքում լճից բացթողումնեը կավելանան ավելի քան 40 տոկոսով, ինչը կհանգեցնի լճի առկա մակարդակի նվազմանը, համոզված է բնապահպանը, կասկած հայտնելով այդ որոշման հմնավորվածության առումով:

Լիճը այսօր զրկված է Արփա-Սևան թունելով և Սպանդարյան ջրամբարից ջրի մուտքերից: Այս պարագայում վիճակը էլ ավելի աղետալի կարող է դառնալ:
Արարատյան հարթավայրում ոռոգման ջրի պակասը Սևանի հաշվին լրացնելը արդարացված չէ: Խորքային ջրերի անխնա և ապաօրինի օգտագործումը ձկնաբուծական տնտեսությունների կողմից հանգեցրել է շատ հորերի ցամաքելուն: Բացի այդ, Որոտանի կասկադի վաճառքի հետևանքով Սևանը ևս կարող է տուժել, փաստում է Գագիկ Սուխուդյանը:

Նոր սեփականատերը կարող է ձեռնպահ մնալ Սպանդարյանի ջրամբարի պաշարներերը Սևան ուղղելուց, այլ կարող է օգտագործել էներգետիկ նպատակներով, կարծիք հայտնեց բնապահպանը: Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» նախատեսում է Շորժայի շրջանում լճի մի մասը դարձնել ձկնաբուծարան: Մասնավորապես, նախատեսվում է 10 տարվա ընթացքում իշխանի տեղական տեսակների պաշարները լճում հասցնել մինչև 50 հազար տոննա:

Լճի ջրերի ախտոտմանը բացի արհեստական ձկնակերերեից նպաստում են նաև այլ գործոններ, մասնավորապես հանքարդյունաբերական և կենցաղային թափոնների հետևանքով:Արդյունքում տուժում են Սևանի անգին քաղցրահամ ջրերը: Սևանը այսօր պաշտպանության կարիք ունի, հավելեց բնապահպանը:

Back to top button