Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այսօր ԵԿՄ 10-րդ համագումարի ավարտին հնարապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է համագումարի մասնակիցների հարցերին: Հարցերի շրջանակը եղել է բավական ընդգրկուն. հանրապետության նախագահն առիթ է ունեցել անդրադառնալու տնտեսության վիճակին ու հեռանկարներին, պատասխանելու գազային գործարքի ու համաձայանգրերի շուրջ հնչող քննադատությանը, նաև անդրադառնալու արտագաղթի թեմային:
Սերժ Սարգսյանի առաջին պարզաբանումը տնտեսական էր. 2013 թ. տնտեսական աճը զիջելու է 2012-ի ցուցանիշը՝ 7 տոկոսի դիմաց ակնկալվում է 3.5 տոկոս: Միտումը բնորորշ է միջազգային տնտեսությանը: « Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ: Այնպես որ՝ մենք պետք է այս տարի ավելի լավ աշխատենք, որպեսզի ապահովենք շատ ավելի լավ արդյունքեր»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Անհանգստացնող միտում նախագահը համարում է ներդրումների կրճատումը և 2014-ին փոփոխություն ակնկալում է այս ոլորտում, համոզված է, որ տնտեսական աճը հաջորդ տարվա ընթացքում զգալի է լինելու։
Նախագահի երկրորդ պարզաբանումը կենսաթոշակային բարեփոխումների թեմայով էր: Աշխարհի ոչ մի երկրում այս բարեփոխումը հանդարտ չի ընթացել։ Սա, ըստ նախագահի, դժգոհության առաջին պատճառն է։ Դեր ունի նաև հանգամանքը, որ բերեփոխումն, այո, որոշակի ժամանակով մարդկանց նեղություն է տալու՝ 5 % խնայում ապագայում ավելի շատ ստանալու համար:
1993թ-ից սկսած բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, բայց մեկնարկը տալ որոշել է հենց այսօրվա կառավարությունը. « Եվ ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, քանի որ իրոք սա անհրաժեշտ լուծում է: Օրենքում, միգուցե, կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Ծավալուն փաստաթուղթ է, կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք դրանք ուղղել: Իմաստը, վստահ եմ, չի փոխվելու, և այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է»:
Նախագահի երրորդ պարզաբանումը գազային գործաքրի և ՌԴ հետ ձեռք բերված համաձայնությունների շուրջ էր: Այս թեմայով քննադատության պակաս կարծես թե չի եղել և տարբեր շերտերով հնչել է հատկապես խորհրդարանում։ «Եթե ԱԺ-ում և տարբեր հարթակներում խոսողներից որևէ մեկը կարող էր ռուսական կողմի հետ բանակցել և ավելի էժան գնով գազ բերել, խնդրեմ, թող գնա բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ և ԱԺ-ի իմ ընկերներին, իմ կուսակիցներին կխնդրեմ այդ ամենը չեղյալ համարել: Ասելը այնքան հեշտ է: Հիշում էք՝ պատերազմի տարիներին ինչքան խոսացողներ կային, ինչ հեքիաթներ ու առասպելներ էին պատմում, բայց հենց պետք էր մեկ գյուղ գրավել, մեկի գլուխն էր ցավում, մյուսի մեքենայի անիվն էր ծակվում»։
Արտագաղթի մասին հացին պատասխանելով՝ հանրապետության նախագահը շեշտեց, որ հիմնահարցը Հայաստանի ամենացավոտ ու մտահոգիչ խնդիրն է, բայց լուծումները շահարկումների դաշտում չեն: Ըստ ուղևորափոխադրումների 2013-ի տվյալների ՝ ժամանողների ու մեկնողների տարբերությունը կրճատվել է 25 տոկոսով ու կազմում է 31 հազար: 31 հազարը մեծ թիվ է 3 մլն բնակչության համար, բայց այն թիվը չէ, որը հնարավոր չէ հաղթահարել, հայտարարեց նախագահը։ «Ես չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով, շահարկումով: Այս հարցը պետք է լուծվի աշխատանքով, և դա մենք անելու ենք»։