ԿարևորՀասարակություն

3-ը՝ 1-ում․ որ բարձրագույն կրթությունն ավելի որակյալ լինի

Հանրությանն է ներկայացվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում հերթական օպտիմալացումն առաջարկող նախագիծը։ Այս անգամ միավորման ենթակա կառույցները երեքն են՝ Գիտության կոմիտե, Բարձագույն որակավորման կոմիտե և ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության վարչություն։ Երեքի միավորմամբ նախատեսվում է ստեղծել նախարարության ենթակայության տակ գործող նոր՝ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտե։

«Ռադիոլուր»-ը նախորդիվ անդրադարձել էր այս կոմիտեի ստեղծմանը, սակայն քանի որ այդ փուլում նախագիծը դեռ հանրային քննարկման չէր ներկայացվել, նախարարությունն ու Գիտության կոմիտեն հրաժարվել էին մեկնաբանություններից։ Այժմ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականութան և զարգացման ծրագրերի բաժնի պետ Անի Վիրաբյանը պարզաբանում է նախագծի անհրաժեշտությունը․

«Շատ կարճ է պատասխանը․ նախագիծը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկ միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակ ունի։ Ես մշակում եմ գիտության ոլորտը, նա (խմբ․ նկատի ունի՝ ԲՈԿ-ը) բարձագույն որակավորման ոլորտին վերաբերող ինչ-որ աստիճանաշնորհման համակարգ, իսկ նախարարությունը իրականացնում է այլ գործառույթ։ Դրանք փոխկապակցված պետք է լինեն, մի մարմին պետք է դրանով զբաղվի, որ արդյունավետ լինի»։

Վիրաբյանի խոսքով՝ 2018-ից մշակված և շրջանառության մեջ դրված (սակայն դեռ չընդունված) «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը նախատեսում է միասնական քաղաքականության իրականացում մեկ կառույցի կողմից։ Գործող կարգավորումները հակասում են այս ցանկությանը։

«Փոփոխության էությունը բխում է նաև կառավարության ծրագրով (խմբ․ 2021-26 թթ ռազմավարական ծրագիր) պետական կառավարման համակարգում ինստիտուտների և գործառույթների արդիականացման մասով ստանձնած հանձնառություններից, մասնավորապես՝ ներքին ֆունկցիոնալ օպտիմալացումից։ Այսինքն՝ օպտիմալացման գաղափարն էլ կա հիմքում»։

«Ռադիոլուր»-ն արդեն պատմել է, որ այս նախագիծը, հանրությանը դեռ չներկայացված, հրաժարականի պատճառ էր դարձել։ Երեք կառույցների միավորման հեռանկարը ԲՈԿ արդեն նախկին նախագահ Կարեն Քեռյանին ստիպել էր հրաժարականի դիմում ներկայացրել։

«Նույն մարդու ձեռքում հայտնվելու դեպքում որոշակի ռիսկեր կարող են առաջանալ։ Նույն խողովակով նպաստեսն, որ մարդը գիտությունների թեկնածու դառնա, հետո էլ մնացած գործունեությունը ծավալի։ Իսկ երբ մի անձի հետ չի կապված, այդ ռիսկերը ուզած-չուզած նվազում են, որովհետև այդ ամենը փոխհամաձայնեցված անելը շատ ավելի բարդ է»։

Նախագծով երեք կառույցների բոլոր լիազորությունները՝ 4 տասնյակից ավելի, անցնում են նոր կոմիտեին։ Կառույցը, սակայն, անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպ ունեցել է։ 90-ականներին Հայաստանում գործել է լուսավորության նախարարություն, որը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, նույն գործառույթն է կատարել, ինչ այժմ պետք է անի նորաստեղծ կոմիտեն։

«Նախորդ տարիներին անընդհատ արված փոփոխությունները որևէ էական տարբերություն չեն բերել։ Ես, օրինակ, որպես այդ տարիներին արդեն աշխատած մարդ, չեմ տեսել տարբերություն, որ երբ բարձրագույն կրթություն ու գիտությունը առանձին կոմիտե էր, էդպես բուհերի վիճակն ավելի լավ էր, քան երբ որ այդ ամենը նախարարության մեջ էին։ Այստեղ շատ կարևոր է, որ կառավարման նոր մեխանիզմներ ներդրվեն, կարևոր է, որ լավ մասնագետներ մտնեն այդ ոլորտ աշխատելու, նոր մոտեցումներ, նոր մտածողություն, նոր աշխատելաոճ բերեն։ Ես չեմ կարծում, թե կարևոր հացն է՝ դու նախարարությա՞ն վարչություն ես, նախարարությա՞ն համակարգում ես, թե՞ առանձին կոմիտեում ես»։

Անի Վիրաբյանը, որը մասնակցել է այս նախագծի մշակմանը, վստահ է, որ արդյունքում ոլորտն առավել արդյունավետ է զարգանալու։

— Գիտության ոլորտում արդեն իսկ ստանձնած պարտավորություններն ու լիազորություններ են կատարվելու, նորաստեղծ կոմիտեին են փոխանցվելու ԲՈԿ-ի լիազորություններն ու գործառույթները, և նախարարության կազմում գործող վարչության գործառույթները։
— Արդյունքում մենք ավելի որակյա՞լ  բարձրագույն կրթություն ենք ունենալու։
— Անպայման, անպայման։ Այստեղ հարցը թերի անելը չէ, ավելի արդյունավետ լինելու համար է։ Այդ շղթան պետք է մի մարմնի կողմից իրականացվի, ոչ թե տարբեր մարմինների կողմից։

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների կարևոր հիմքերից մեկը, ըստ Վիրաբյանի, կառավարությանը ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար լիազորող նորմեր տալն է։ Ըստ նախագծի հիմնավորման՝ 2000 թվականին ընդունված օրենքը 2015-ի սահմանադրական փոփոխությունից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով առկա են նորմերի ոչ հստակ ձևակերպումներ, իսկ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն:

Back to top button