ԿարևորՏեսանյութերՏնտեսական

«ԱրմԹաբը» կարտադրվի Հայաստանում, վաճառքի կհանվի մայիսից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թեպետ օրերս հանդիսավոր պայմաններում կայացավ «ԱրմԹաբ» պլանշետների շնորհանդեսը, այնուամենայնիվ հայկական արտադրության դյուրակիր այս համակարգիչները շուկայում կհայտնվեն այս տարվա մայիսի վերջից ոչ շուտ: Ըստ  «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի՝ դեռևս ընթանում են արտադրության կազմակերպման աշխատանքները։

Սպասվում է, որ տարեկան կարտադրվի 100 հազարից ավելի պլանշետ, որի մեծ մասը կարտահանվի արտերկիր: Հայաստանյան շուկայում դրանց արժեքը դեռևս որոշված չէ։ Արդեն հայտնի է, որ այս  պլանշետների դիսփլեյները կունենան 7,85 մինչև 10 դույմ տրամագիծ:  Դյուրակիր համակարգիչները ամբողջությամբ կլինեն հայաֆիկացված, հավաստիացրեց ընկերության նախագահը։

Կարևոր է նշել, որ «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերությունը ստեղծվել է 2013- ին, ամերիկյան «Միննո» ընկերության համահիմնադիր Վահան Շաքարյանի կողմից՝ «Միննոյում» կուտակված փորձի հիման վրա հայկական դյուրակիր համակարգիչիների արտադրություն ծավալելու նպատակով։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ դպրոցական համակարգիչների ծրագրի շրջանակում 40 000 «ԱրմԹաբ» դպրոցներին տրամադրելու վերաբերյալ։

«ԱրմԹաբն» առաջին ընկերությունն է, որը ստացավ ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու իրավունք։ Հավելենք, որ մինչ օրս «Միննո» ընկերության պլանշետների արտադրությունը իրականացվում է Չինաստանում և, Վահան Շաքարյանի նախաձեռնությանբ, արտադրությունը կտեղափոխվի Հայաստան: Արդեն դրա համար տրամադրված է 500 քառակուսի մետր տարածք: Հատկանշական է, որ հայ մասնագետները լուրջ ներդրում ունեն ամերիկյան ընկերության կայացման գործում: Այս պարագայում ավելի ձեռնտու է արտադրությունը կազմակերպել Հայաստանում, քան՝ մեր մասնագետներին գործուղել Չինաստան, նշեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահը:

Ընդհանուր առմամբ՝ կներդրվի 6,5 մլն ԱՄՆ դոլար: Թեպետ հայկական արտադրության պլանշետները էժան կլինեն, այնուամենայնիվ՝ դրանք չեն մրցակցելու հայտնի բրենդերի հետ: Այսինքն ընկերությունը ծրագրում է աշխատել հստակ պահանջարկին համապատասխան, ամեն մի դեպքում հստակ ծրագրային ապահովմամբ՝ ըստ պատվիրատուի պահանջարկի: Վահան Շաքարյանը խոսք տվեց լրագրողներիս ծանոթացնել արտադրության կազմակերպման բոլոր փուլերին: Իսկ այսօր արդեն իսկ հազարավոր մասնագետներ ցանկություն են հայտնում աշխատել այս ընկերությունում։

Back to top button