ԿարևորՔաղաքական

ՌԴ- ից արձագանք չկա, բայց ՕԵԿ- ը լավատես է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առայժմ չի արձագանքել ՀՀ իր պաշտոնակից Արթուր Բաղդասրայանի նամակին, բայց ՕԵԿ-ում համոզված են, որ   նամակում բարձրացված մտահոգություններն առաջիկայում լուծում  կստանան և ՀՀ  քաղաքացիների նկատմամբ վերապահումներ կսահմանվեն: Խոսքը  Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ տարավերջին կատարված  փոփոխությունների մասին է, որոնք մտահոգությունների առիթ են տվել:  Հենց դրանք հիմք ընդունելով ՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն օրերս դիմել էր  իր պաշտոնակցին  Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացման հարցերը  քննարկելու  առաջարկով։

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ռուսաստանցի  պաշտոնակցին օրերս հղած նամակում   մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ տարավերջին կատարված  փոփոխությունների առնչությամբ: Նամակում նշել էր, որ   ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների նկատմամբ նման սահմանափակումներ չեն կիրառվում, ընդգծել էր հանգամանքը, որ երկու պետությունները ինտեգրման գործընթացների  խորացման ճանապարհին են և առաջարկել էր  քննարկել միգրացիոն նոր ռեժիմի մեղմացմանն ուղղված  տարբերակներ:

Արձագանք դեռևս չկա, բայց ՕԵԿ-ում վստահ են, որ խնդիրը լուծում կստանա: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հիմնական փաստարկ համարում է Հայաստանի  ու Ռուսաստանի միջև  ՄՄ անդամակցությամբ սկսվող նոր գործընթացը։ «Մեր  հարաբերություններն առաջիկայում բերելու են ավելի խորը ինտեգրացման: Մայիսին ՄՄ անդամակցության փաստաթղթի ստորագրումն է նախատեսվում, 2015-ին՝ Եվրասիական միության հետ կապված գործընթացի մեջ ենք մտնելու: Ինտեգրացիոն այս գործընթացները նկատի ունենալով՝ միգրացիոն ռեժիմը պետք է դյուրացվի»,- ասում է։

Լուծումները ՕԵԿ-ում  ոչ թե օրենսդրական փոփոխությունների տարբերակով են պատկերացնում, այլ միջպետական համաձայանգրի կազմումով ու ստորագրումով: «Մենք առաջարկում են ձևավորել աշխատանքային խումբ,  որում ներգրավված կլինեն գործադիր և օրենսդիր մարմինների, նաև միգրացիոն ծառայությունների  ներկայացուցիչներ, որ քննարկումների արդյունքում մի փաստաթուղթ (ստորագրվի), որը մեր պատկերացումներով կլինի միջպետական պայմանագիր միգրացիոն համագործակցության ոլորտում»։

Հենց այդ համաձայանգրով էլ, ըստ Հովհաննես Մարգարյանի, պետք է սահմանվեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող արտոնությունները կամ բացառությունները:  Պատասխանելով հարցին՝ ի՞նչն է վստահություն ներշնչում, որ այդ վերանայումները կլինեն,   պատգամավորը  հիշեցրեցնում է. հատուկ ռեժիմներ են գործում, օրինակ, գազի, նավթի, ադամանդի  հումքի ներմուծման մասով։ Պատգամավորը նկատում է, որ նմանատիպ իրավիճակներում գերակա են  միջպետական պայմանագրերը։ «Կարող է աշխատանքնայի խումբը հասնել նրան, որ ՌԴ-ն մինչև մայիս   բացառություն սահմանի  ՄՄ անդամակցել պատրաստվող երկրների համար, դրանից հետո էլ համաձայնագիր ստորագրի նրանց համար հատուկ վիզային ռեժիմ սահմանելու մասին»,- կարծում է Հովհաննես Մարգարյանը։

Հիշեցնեմ՝ ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ դեկտեմբերին փոփոխություններ կատարվեցին, համաձայն որոնց` առանց մուտքի վիզայի  Ռուսաստանի Դաշնություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացու՝ այդ երկրում  ժամանակավորապես գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել հանրագումարային 90 օրը՝ յուրաքանչյուր 180 օրվա ժամանակահատվածում։

Ի դեպ՝ տարեվերջին Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը տվյալներ էր հրապարակել, համաձայն որի՝ Ռուսաստանի տարածքում մոտ 11 միլիոն  ներգաղթյալ կա: ՌԴ տարածքում իր քաղաքացիների քանակի առումով առաջատարը Ուզբեկստանն է, ապա Ուկրաինան:   Ըստ ծառայության ՝ Հայաստանի քաղաքացիների թիվը հասնում է մոտ կես միլիոնի։

Back to top button