Հրաժարական կա, հանրային նախագիծ՝ դեռ ոչ․ գիտական կառույցները միավորելու հերթական առաջարկը


Գիտական հաստատությունների միավորման ևս մեկ նախագիծ է շրջանառվում։ Այս անգամ միավորման ենթակա կառույցները Բարձրագույն որակավորման կոմիտեն, Գիտության կոմիտեն և Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության վարչությունն են։ Նախագիծը դեռևս հանրային քննարկման չի ներկայացվել, բայց արդեն աղմուկ է բարձրացրել, նույնիսկ հրաժարականի առիթ դարձել։
Գիտական հաստատությունների միավորման հերթական նախագիծը դեռ չշրջանառված հրաժարականի հիմք է դարձել։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնն օրերս լքած Կարեն Քեռյանն իր հրաժարականը նախ հիմնավորել էր ոլորտում վարվող քաղաքականության հետ անհամաձայնությամբ, ապա ֆեյսբուքյան գրառմամբ բացել էր փակագծերը։ Խոսել էր ԲՈԿ-ը, Գիտության կոմիտեն և Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը միավորելով Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտե ստեղծելու նախագծի և դրան առնչվող իր վերապահումների մասին։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ անհամաձայնություն ունի դեռ քաղաքացիների ու գործադրի հետ չհամաձայնեցված նախագծի հետ։
«Մի քանի տարի առաջ ԲՈԿ-ն ու Գիտության կոմիտեն միավորելու խոսակցություններ եղել են, բայց վերջերս խոսակցություն չի եղել ու միանգամից նախագիծն իմ առաջ է դրվել։ Իմ նշանակումից հետո, երբ արդեն ԲՈԿ-ը նախարարություն տանելու մասին խոսակցություն է եղել, ես հարցրել եմ՝ դրանով ի՞նչ խնդիր է լուծվում։ Ոչ մի խնդիր դրանով չէր լուծվում, ու եթե «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագծով (որը դեռ չի ընդունվել), նախատեսվում էր, որ ԲՈԿ-ը գործելու է մինչև 2023 թվականը, այդ խոսակցություններից հետո նախագծում փոփոխություն արվեց ու ֆիքսվեց, որ ԲՈԿ-ը գործելու է մինչև 2027-ը, ինչը հետագայում կարող էր էլի փոփոխվել։ Համենայն դեպս, երբ 2022-ին այդ խոսակցությունը գնաց, հստակ արձանագրվեց, որ մինչև 27 թվականը ԲՈԿ-ը առանձին է գործելու»։
Ապագայում տեղի ունենալիքին Քեռյանը խիստ թերահավատորեն է նայում։ Ասում է՝ առաջարկվող կոմիտեն իր ֆունկցիոնալությամբ ու պարտականությունների շրջանակով մեկ առանձին նախարարության չափ է լինելու։ Մի շարք երկրներում, օրինակ՝ Դանիայում, Լեհաստանում, գործում են կրթության և գիտության առանձին նախարարություններ, որոշներում էլ, օրինակ, Իռլանդիայում, Միացյալ Թագավորությունում, գործում են բարձրագույն կրթության, գիտության և ինովացիայի նախարարությունները։ Սակայն նախագծով, ըստ Քեռյանի, նախարարության ծավալ ունեցող կառույցը նախարարության կարգավիճակ չի ունենալու։ Մեկ այլ դիտարկում էլ գաղափար գեներացնողներին է վերաբերում․երեք որոշում կայացնող անձանց մեկով փոխարինելը խնդրահարույց է․
«Հիմա այնպես է, որ օրակարգ ստեղծող մարդիկ, որպես կանոն, շարքային քաղծառայողներ չեն։ Բնականաբար կան քաղծառայողներ, որ շատ լավ էլ հետաքրքիր նորամուծություններ կարող են անել, բայց առհասարակ դա նախարար, փոխնախարար, կոմիտեի նախագահ․․․այդ մակարդակի պաշտոնյաների ամենօրյա գործն է։ Հիմա քչանում են իրենք, դառնում է մեկը»։
Նախագծին ինքներս ծանոթանալ դեռևս չենք կարող։ ԿԳՄՍ նախարարությունից «Ռադիոլուր»-ին հայտնեցին, որ այն դեռևս մշակման փուլում է։ Վերջնական տեսքի բերվելուց հետո կդրվի հանրային քննարկման, այնուհետև կներկայացվի կառավարության հավանությանը։ Մինչև այս փուլերն անցնելը նախարարությունում թեմային անդրադառնալը նպատակահարմար չեն համարում ։
Միավորման ենթակա մյուս կառույցը՝ Գիտության կոմիտեն ևս այս փուլում գնահատականներից զերծ է մնում։ Կառույցից մեզ հայտնեցին, որ նախագծի մշակմանը մասնակցել են, ըստ էության, առարկություններ չունեն, սակայն հանրային մեկնաբանություններ կտան միայն հանրային քննարկման մեկնարկից հետո։
Վերջին շրջանում կրթական համակարգի տարբեր օղակներում փոփոխությունների՝ միացումների մասին խոսակցությունները հաճախադեպ են։ Ֆակուլտետները, բուհերը, կոմիտեները միավորելու որոշումներին ինչպե՞ս կարձագանքի կրթական համակարգը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ փոփոխությունները կարող են արդարացված լինել՝ մեխանիկական չլինելու դեպքում։
«Այն փոփոխությունը, որոնք հիմա առաջարկվում են, նախկինում էլ եղել են։ Մենք 90-ականներին ունեցել ենք առանձին լուսավորության նախարարություն և առանձին բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Ուղղակի այն ժամանակ այդ կոմիտեն հաշվետու էր կառավարությանը, այս նոր տարբերակում հաշվետու է լինելու նախարարությանը։ Ստացվում է, որ ավելի ցածր ստատուս է ստանում, քան նախկինում էր»։
Խաչատրյանը կրթական համակարգի զարգացումներին վաղուց է հետևում։ Սակայն այդ զարգացումները, նրա խոսքով, հիմնականում հենց մեխանիկական էլ եղել են․
«Նախորդ տարիներին անընդհատ արված փոփոխությունները որևէ էական տարբերություն չեն բերել։ Ես, օրինակ, որպես այդ տարիներին արդեն աշխատած մարդ, չեմ տեսել տարբերություն, որ երբ բարձրագույն կրթություն ու գիտությունը առանձին կոմիտե էր, էդպես բուհերի վիճակն ավելի լավ էր, քան երբ որ այդ ամենը նախարարության մեջ էին։ Այստեղ շատ կարևոր է, որ կառավարման նոր մեխանիզմներ ներդրվեն, կարևոր է, որ լավ մասնագետներ մտնեն այդ ոլորտ աշխատելու, նոր մոտեցումներ, նոր մտածողություն, նոր աշխատելաոճ բերեն։ Ես չեմ կարծում, թե կարևոր հացն է՝ դու նախարարությա՞ն վարչություն ես, նախարարությա՞ն համակարգում ես, թե՞ առանձին կոմիտեում ես»։
Խաչատրյանի կարծիքով՝ նույնը վերաբերում է կրթությանն առնչվող մյուս փոփոխություններին։ Ասում է՝ մոտեցումը, թե եթե բուհերը միավորենք, ավելի լավն են դառնալու, եթե բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխենք, ավելի արդյունավետ են աշխատելու, առայժմ բավարար հիմնավորված չեն։