«Աքիլլես».Հիմնականում տուգանվում են այն վարորդները, ովքեր ծանոթ չեն իրենց իրավունքներին
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ավտովարորդների կողմից ստացվող դիմում բողոքների և դատական գործերի մասին է այսօր խոսել «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ Ճանապարհային ոստիկանությունը վերջին 10-օրյակում սկսել է տուգանել վարորդներին` հիմնավորելով, որ մեքենաները ապահովագրված չեն: Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև անհատ տաքսիստների խնդրին և հայտնել, որ գրավոր դիմելու դեպքում, ապահովագրական որևէ ընկերություն իրավունք չունի մերժելու իրենց: Խոսելով մյուս խնդիրներից` Էդուրադ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հիմնականում տուգանվում են այն վարորդները, ովքեր ծանոթ չեն իրենց իրավունքներին:
Արդեն 3 օր է «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն»-ում վարորդների կողմից ահազանգերը չեն դադարում: Ճանապարհային ոստիկանությունը վերջին 10-օրյակում սկսել է տուգանել վարորդներին` հիմնավորելով, որ մեքենաները ապահովագրված չեն, իսկ վարորդները բողոքում են, որի իրենց տուգանում են անհիմն, քանի որ իրենք իրենց մեքենաներն իրականում ապահովագրել են: Թե ինչ թյուրիմացություն է, «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը չի կարող ասել, միայն գիտի, որ տվյալներն այժմ ստուգվում են, և առաջիկա օրերին խնդիրը կլուծվի: Ամեն դեպքում, Ճանապարհային ոստիկանությունից իրեն այդպես են խոստացել:Ինչ վերաբերում է անհատ տաքսիստների խնդրին`դարձյալ մեքենաների ապահովագրության հետ կապված, Էդուարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն մերժելու տաքսիստներին, եթե վերջինները իրենց դիմումն ուղղեն գրավոր և ոչ թե միայն բանավոր բողոքեն:
Էդուարդ Հովհաննիսյանն առանձնացրեց ևս մի քանի խնդիրներ, որոնք Անհանգստացնում են վարորդների: Դրանցից մեկը վերաբերում է տեսուչների կողմից կազմվող արձանագրություններին, որոնք շատ դեպքերում անհիմն են:
Այսպիսով` վարորդների մեծամասնությունը հիմնականում տուգանվում է իր իրավունքներին ծանոթ չլինելու և տեսուչների խորամանկության պատճառով:
Նշենք, որ արագության հետ կապված ևս մեկ նորություն կա, որի հեղինակը դարձյալ ճանապարհային ոստիկանությունն է: Փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ը գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը: