ԿարևորՔաղաքական

ԱԺ քառօրյան սկսվեց ու ավարտվեց «գազային» թեմայով

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ- ում քննարկվող թեման ինչպես  երեկ, այսօր էլ՝ նույն էր՝ «Որոտան» ՀԷԿ-երի վաճառքը, գազի  պարտքի գոյացումը և գազային համաձայանգրերը։ Քննարկումներից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն դիտարկման հետ, որ գազի գնի ու առհասարակ՝ հանրային ծառայությունները կարգավող  ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է: ԱԺ նախագահը հայտարարեց, որ առաջիկայում ստեղծելու են հանձնաժողով՝ բոլոր հարցերը քննարկելու համար։ Հիշեցնենք՝ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները հանդես եկան երկուշաբթի օրը` ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկին, սակայն քվեարկության արդյունքում առաջարկը մերժվեց։

Եթե «Որոտանի» հիմնական արտադրական հզորությունը վաճառվել է, բայց այս պահին չկա այդ  լիցենզավորված կազմակերպությունը,  հետևաբար՝ ո՞վ է   արտադրում այդ էներգինան, ՀՅԴ խմբակացության  պատգամավոր Արծվիկ Մինասյան է ցանկանում տեղեկանալ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից: Հիշեցենք,որ խորհրադարանը այսօր շարունակում էր քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի 2014 թ գործունեության ծրագիրը։ Ռոբերտ Նազարյանը պատգամավորին փոխանցեց, որ  «Որոտանը» շարունակում է իր գործունեությունը` գործող օրենքների համաձայն։

ՀԱԿ խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանը մինչ հանձաժողովի նախագահին հարցերը ուղղելը բոլորին կոչ արեց հարգել լեզվի մասին օրենքը. «Մի արտաբերեք ռուսերեն ձևով՝ Ռոբերտ Նիկոլայիչ, ասեք՝ պարոն Նազարյան, շատ սիրուն է հնչում: Ոչ թե նախագան, այլ նախագահը, ոչ թե գույքերը, այլ գույքը և այլն։ Սա էլ է անկախության արժեք, մանավանդ որ՝ դեռ չենք մտել Մաքսային միություն»,- ասաց Արամ Մանուկյանը։

Իսկ ահա բուն հարցը վերաբերում էր «Որոտանի» վաճառքի գործարքին,որը, ըստ նրա, ստվերում է  նախորդ նմանատիպ գործարքները։

«Որոտանի»  թեման շարունակեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ասելով, որ պետական ձեռնարկությունները կարող են մասնավորեցվել միայն օրենքով նախատեսված կարգով կամ միջագային պայմանագրերով: Սակայն այն տարբերակը, որն ընտրել է կառավարությունը, վնաս է պատճառել պետական բյուջեին և այն համայնքներին, որոնք հավելյալ եկամուտներ պետք է ունենային այս վաճառքից։ Պատգամավորը նշում է, որ այս գործարքը որևէ տրամաբանական աղերս չունի մասնավորեցման օրենքի հետ: Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Որոտան կասկադի վաճառքը այս պահին իրավական տեսակետից վիճահարույց է։

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհանես Մարգարյանին առավել հետաքրքրում էր գազային գործարքը։ Ըստ նրա՝  այն  շահավետ է Հայաստանի համար, քանի որ դրա շնորհիվ  մեր երկիրը հնարավորություն է ստանում  սահմանի վրա գազը ստանալ շատ էժան գնով՝ համեմատած շատ այլ երկրների հետ:  Ու չնայած համաձայնագրերը շահաջեն են, բայց ոչ ժողովրդի համար։ «Գազը սպառողին հասնում է երկու անգամ ավելի թանկ գնով, քան՝ սահմանի վրա: Հարկավոր է ուշադրություն դարձնել այս խնդրին և ուղիներ որոնել այն կարգավորելու համար»,- ասաց։ 

Պատգամավորների հարցերն  ու  առաջարկները լսելուց հետո վերջնական զեկույցով հանդես եկավ Ռոբերտ Նազարյանը՝ ասելով, թե այս երկու  օրերին հնչած հարցերի ոչ բոլորի հասցետարեն էր ինքը: «Արծվիկ Մինասյանը հոդված դրեց  վրես. քրեական օրենսգրքով 8-10 տարվա պատիժ է հասնում այս հանցագործության համար:… Ես հասկացա, որ ինձ էր  չէր ասում։ Էս ռադիոն էլ հարյուր հազարավոր մարդիկ են լսում, գուցե նրանք էլ իմ պես հասկացան»,- ասաց։

«Ազգային ժողովը նման լիազորություն չունի, պարոն Նազարյան, հանգիստ եղեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Այս քննարկումը քվեարակություն չէր նախատեսում, ուստի Ռոբերտ Նազարյանը նշեց, որ  իրենց աշխատանքում հաշվի կառնի պատգամավորների կարծիքը։

Back to top button