Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել, այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից հնարավոր սպառնալիքների և դրանց հակազդման հարցերին:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում Մեղրու փոխանակման տարբերակի մասին շշուկները բազմիցս հայտնվել են և հանգչել: Այնուամենայնիվ՝ այս հարցը մինչ օրս հանգիստ չի տալիս տեղաբնակներին: Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Մեղրու տարածաշրջանի պատասխանատու Սարգիս Հակոբյանը օգտվելով առիթից հարցը ուղղեց նախարար Սեյրան Օհանյանին:
Նախարարի համար այդ զրույցները ևս նորություն չէին: «Ես էլ, ինչպես դուք՝ Մեղրու փոխանակումների մասին լսում եմ հասարակության շրջանում սովորական խոսակցությունների ընթացքում: Նման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել»,- ասաց նա: Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր երկրի զինված ուժերը պայքար են մղելու մեր ունեցած յուրաքանչյուր թիզ հողի համար՝ առաջնորդվելով ագրեսիայի ժամանակ պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով:
Հայ- ադրբեջանական շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում թուրքական կողմից հնարավոր սպառնալիքներին հակազդման վերաբերյալ ևս հարց հնչեց: Թուրքական կողմը տարբեր ձևերով այսօր ևս աջակցում է ադրբեջանցի դաշնակիցներին, մասնավորապես Նախիջևանում, նկատեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը ստեղծել է անվտանգային միջավայր՝ սպառնալիքների զսպման և անհրաժեշտության դեպքում նաև հակազդնան առումներով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց մեր երկրի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Ըստ Օհանյանի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները անհրաժեշտության դեպքում պարտավոր են աջակցել մեր երկրին: Իրականում ինչպես կստացվի, ինչ դերակատարում կունենան մասնավորապես միջինասիական երկրները՝ կերևա ընթացքում, ասաց նախարարը:
Իսկ այսօրվա հանդիպման բուն առիթը ՝ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության քառամյա գործունեության արդյունքների ամփոփումն էր: Նախարար Օհանյանը բարձր գնահատեց կազմակերպության ներդրումը մատաղ սերնդի ռազմահայրենասրիական դաստիարակության և զինված ուժերին աջակցության գործում: