Տնտեսական

2013- ին գնաճը կազմել է 5,6 տոկոս

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջագային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիոսյանն այսօր ամփոփել է 2013թ ու 2014- ի հունվարը: Գնաճի առումով պատկերը մեղմ ասած մխիթարական չէ: Պարենային 13 ապրանքախմբերից շաքարավազը  2013-ին  միակն էր,  որը 11,9 տոկոսով գնանկում է արձանագրել: 2013-ին 12-ամսյա գնաճը հանրապետությունում կազմել է 5,6 տոկոս:

Կարտոֆիլ, կաղամբ, կաթնամթերք, հացահատիկ, ձու, միրգ , կանաչեղեն. շարքը կարելի է  շարունակել, 2013-ին  առաջին անհրաժեշտության այս ապրանքներն են թանկացել ու շարունակում են թանկանալ: 2013-ին մեր երկրում 12-ամսյա  գնաճը կազմել է 5,6 տոկոս։ ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջագային   համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիոսյանն այսօր ամփոփելով անցած տարին նշեց, որ 2014- հունվարին 2013-ի համեմատ 13 անուն  ապրանքներից միայն չորսն են գնանկում արձանագրել: «Մսամթերքի գծով ՝ 0,5 տոկոս, կենդանական, բուսական յուղի գծով՝  1,3 տոկոս, շաքարավազի գները նվազել են 0.6 տոկոսով, այլ մթերքների գծով արձանագրվել է 0,1 տոկոս գնաճ: Մյուս ապրանքային խմբերում արձանագրվել է  գնաճ, միայն ձվի գներն են պահպանվել նախորդ ամսվա գների մակարդակին»,- ասաց։

Պարենային 13 ապրանքախմբերից շաքարավազը  2013-ին էլ միակն է, որը  11,9 տոկոս գնանկում է արձանագրել։ Այս տարվա հունվարին ամենաբարձը շարունակում էր մնալ կարտոֆիլի գինը՝ 44,1 տոկոս է կազմել կարտոֆիլի գնաճը։ Սա այն բանջարեղենն է, որը հայերիս սննդակարգում առանցքային տեղ է զբաղեցնում: ԱՎԾ պաշտոնյան խոստովանում է. «բավական է, որ միայն կարտոֆիլի գինը չբարձրանար, ու գնաճն այսքան բարձր չէր լինի»: 2013-ի  նոյեմբերին  մեկ կգ կարտոֆիլի միջին հանրապետական գինը  147  դրամ է  կազմել, հունվարի 20-ին՝ 284 դրամ: Կաղամբի գծով նույնպես նույն երևույթն է արձանագրվել, կաղամբի ամենացածր  գինը  դեկտեմբերի 1- ին են ԱՎԾ փորձագետները արձանագրել, երբ մեկ կգ կաղամբը   150 դրամ  արժեր,  իսկ  հունվարի 10- ին կազմել է 210դրամ,  փետրվարի 1-ին ՝ 171 դրամ: 

Այս տարվա հունվարին նախորդի դեկտեմբերի հետ համեմատած 10,6 տոկոս  գնաճ է արձանագրվել նաև մրգի շուկայում, կաթմամթերքը թանկացել է 0,8 տոկոսով, ձկնամթերքը և հացամթերքը՝ 0,1 տոկոսով, 2,6 տոկոսով էլ բարձրացել են ոգելից խմիչքի ու ծխախոտի գները: Միայն 2013-ի դեկտեմբերին ու 2014-ի հունվարին միասին հանրապետությունում գները ավելացել են 1,8 անգամ: «Դեկտեմբերի վերջին և հունվար ամսին առանձնահատուկ երևույթներ են արձանագրվել, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում, մասնավորապես կանաչեղենի գծով, հիմնականում բարձր գնաճ արձանագրվեց դեկտեմբերի  վերջին, մասնավորապես 29, 30, 31-ին»,- ասում է ԱՎԾ գների վիճակագրության և միջագային   համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիոսյանը։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է, եթե ցանկություն լիներ, գնաճը կզսպվեր, դրա համար մեխանզիմներ կան։ «Իշխանությունը նրա համար է, որ ինքը ունի շատ ճկուն քաղաքականություն վարելու լայն  հնարավորություն՝ գների բարձրացման, գների իջեցման, վարձատրությունների մակարդակի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման»։

12-ամսյա գնաճի պատկերն ամբողջական դարձնելու համար ներկայացնենք նաև գնաճի մակարադակը ԱՊՀ  ու ԵՄ անդամ մի քանի երկրում:  Բելառուսում 2013- դեկտեմբերին 2012-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է ամենաբարձր գնաճը՝  16,2 տոկոս, ՌԴ-ում՝  6,5, Ղազախստան՝ 4.8 տոկոս, Մոլդովայում՝  5,2, ամենացածր գնաճը Ուկրաինայում է՝ 0,5 տոկոս, Վրաստանում՝  գնաճի մակարդակը կազմել է 2,4 տոկոս։ ԵՄ 27 երկրների գնաճի միջին ցուցանիշը կազմել է  մեկ տոկոս:

Հայաստանի վիճակագիրները, սակայն, մխիթարում են՝ նրանք վերջին օրերին որոշակի գնանկում են նկատել։

Back to top button