Քաղցկեղը մահավճիռ չէ, պնդում է մասնագետը՝ կանխատեսելով հիվանդության հետագա աճ
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Չարորակ ուռուցքն արդեն մահավճիռ չէ և կարելի է կանխարգելել ու վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է բուժել, այսօր հայտարարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Կենտրոնում այժմ բուժվում է 35 հազ. հիվանդ, որից 20 հազ.- ի մոտ բուժումից անցել է 5 տարի և ավելի, ու նրանք գործնականում առողջ մարդիկ են, վստահեցնում է կենտրոնի տնօրենը։
Քաղցկեղի կանխարգելման հիմնական միջոցոն առողջ ապրելակերպն է. պայքար ծխելու, ալկոհոլի և նստակյաց ապրելաձևի դեմ , ինչպես նաև սննդակարգից պետք է հանել ապխտած կերակրատեսակներն ու ճարպերը: Թոքի և կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է մեր հանրապետությունում: Տարեցտարի մեր մոլորակի վրա ավելանում են չարորակ ուռուցքներով հիվանդները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին երկիր մոլորակի վրա կարձանագրվի չարորակ ուռուցքներով հիվանդության 20 մլն նոր դեպք, իսկ մահացությունը կհասնի 10 մլն-ի:
Պետական կառույցների գերխնդիրն է պայքարել հիվանդության դեմ կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման միջոցով: Մեր երկրում հիվանդացության աճ է նկատվում, ինչն էլ փաստում են արձանագրված թվերը։ «Եթե 2002 թվականին մեր հանրապետությունում հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, իսկ 100 հազար բնակչի հաշվով այն կազմում է 179 դեպք, ապա 2012 թվականին հիվանդների թիվը հասել է 7877-ի և 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշն աճել է 179-ից հասնելով 240-ի»,- ասում է Հայրապետ Գալստյանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հաշվարկներով`2020 թվականին ՀՀ-ում կարձանագրվի 10 հազար նոր հիվանդ: Եթե թոքի թաղցկեղը կարելի է կանխարգելել ծխախոտի դեմ պայքարով, ապա կրծքագեղձի պարագայում խնդիրն այլ է: Դրա կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար հետազոտվելն է։
Ուռուցքաբանության կենտրոնը վերջին 3 տարիների ընթացքում հագեցել է ախտորոշիչ և բուժական ժամանակակից նոր սարքավորումներով, ներդրվել են բուժման նոր եղանակներ: Կենտրոնի ճառագայթային բուժման բաժանմունքը համալրվել է հեռահար ճառագայթային բուժման նոր սարքով, ինչպես նաև էլեկտրոնների գծային արագացուցիչով, որոնց շնորհիվ էլ հիվանդների ճառագայթային բուժումն անցկացվում է եվրոպական չափանիշերին համապատասխան:
Կենտրոնում, սակայն, խնդիրների առյուծի բաժինը քիմիոթերապիայի բաժանմունքինն է, չնայած մասնագիտական մեծ ներուժին: «Նախ՝ գոյանում են հերթեր և հիմնականում այդ հերթագրումը կատարվում է կառավարության 2014 թվականի մարտի որոշման համաձայն, ըստ որի՝ չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման գործընթացում պետական պատվերի շրջանակներում պետք է իրականացնել հերթագրում և դժվարությունը նրանում է, որ հիվանդը, երբ երկրորդ անգամ գալիս է, արդեն մշտապես չենք կարող նույն ամսաթվով ղեկավարվել, դրա համար առաջ են գալիս դժգոհություններ»,- ասում է կենտրոնի տնօրենը։
Խնդիրների լուծման համար, Հայրապետ Գալստյանի փոխանցմամբ, մասնագետներն աշխատում են եռահերթ գրաֆիկով: Սակայն գլխավոր ուռուցքաբանը խոստովանում է, որ ժամանակակից և վերջին սերնդի քիմիական դեղամիջոցաներով բուժուման համար պետական ֆինանսավորումը հաճախ չի բավարարում, քանի որ նման բուժումները շատ թանկ արժեն։ Պետությունն ու հիվանդն անզոր են հոգալ նման ծախսերը, ասում է ուռուցքաբանը և ավելացնում, որ հույսը միայն բժշկական ապահովագրությունն է, սական միառժամանակ նշում, որ այդ ինստիտուտն էլ զարգացած չէ, ուստի չունի նման միջոցներ: