Հունվարի 6-ին հայտարարեց, որ վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ։ Օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Երևանն ակնկալում է, որ մյուս պայմանավորվածությունը նույնպես՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, շուտափույթ կյանքի կկոչվի։ Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը։ Փորձագետները կարծում են, որ այս պահին Թուրքիայի քայլը նման է, ժողովրդական խոսքով՝ մեր բերանը մի քիչ քաղցրացնելուն, որից լուրջ օգուտներ Հայաստանը դժվար թե ունենա։ Ավելին՝ Թուրքիան կմեծացնի տնտեսական ազդեցության իր հնարավորությունները։
Փորձագետների ընդհանրական գնահատականն այն է, որ Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից լուրջ ձեռքբերումներ Հայաստանը դժվար թե ունենա։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աննա Փախլյանը նկատում է, որ մինչ այդ էլ ինչ արտահանվել կամ ներմուծվել է Թուրքիայից, ցամաքային ճանապարհով է եղել։ Բացի այդ.
«Այն ապրանքատեսակների ցանկը չէ այն արտահանման և ներմուծման կառուցվածքում, որոնք նպատակահարմար է օդային տրանսպորտով փոխադրել»։
Տնտեսագետներ Գագիկ Մակարյանն ու Էմիլ Ստեփանյանը նույնպես կարծում են, որ արտահանման-ներմուծման տեսանկյունից որևէ նշանակալի ազդեցություն այն չի ունենա։ Բայց լոգիստիկ տեսանկյունից, ըստ նրանց, Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումներն օգտակար են։
Գագիկ Մակարյան. «Օդային բեռնափոխադրումները շատ փոքր ծավալ են կազմում, որովհետև դրանք ավելի շատ կատարվում են մարդատար ինքնաթիռների շրջանակում, ինչքան որ բեռներ հաջողվում է փոքր քանակներով տանել»։
Էմիլ Ստեփանյան. «Որպես գնահատական. դա մեզ պետք է՝ որպես լրացուցիչ ինչ-որ մի ուղղություն։ Բայց մեծ հաշվով, այսպես ասած, մեծ եղանակ դա չի ստեղծելու, որը և չի էլ ստեղծել՝ մինչև արգելքը»։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022-ի առաջին 10 ամիսներին, օրինակ՝ Հայաստանից Թուրքիա է արտահանվել մոտ 60 միլիոն դրամի բեռ, ներմուծվել՝ մոտ 200 միլիոնի։ Արտահանումը հիմնականում ոսկու հաշվին է եղել։ Աննա Փախլյանը նկատում է, որ Հայաստանն այսօր ավելի շատ թուրքական բեռ է ներմուծում, քան արտահանում Թուրքիա։
«Ներկրվում են հիմնականում տեքստիլ արտադրանք, կամ սարքավորումներ, շինանյութ, որոնք օդային փոխադրումներով նպատակահարմար չէ։ Թերևս միակ դրական տեղաշարժը կարող է դիտվել ոսկու արտահանման գծով, եթե միտումները պահպանվեն։ Իսկ Թուրքիան ընդհանրապես Հայաստանից ներկրել է շատ սահմանափակ թվով ապրանքներ, որոնք հենց իրեն են անհրաժեշտ, ու այնպես չէ, որ Հայաստանն իր ցանկությամբ կամ արտահանման կառուցվածքի նպատակահարմարությունից ելնելով, կկարողանա վերադասավորվել ու էական օգուտներ քաղել»։
«Էքսպերտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանի խոսքով նույնպես՝ Հայաստանից Թուրքիա բեռնափոխադրումների ծավալը մեծ չէ, իսկ ընդհանուր օդային բեռնափոխադրումները վերաբերում են թանկ ապրանքներին, որոնց վրա, սակայն, ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը չի անդրադառնա.
«Մեզ մոտ՝ Հայաստանում, հիմնականում վերգետնյա բեռնափոխադրումներ են։ Ամենաէժանն ու ամենամատչելին էլ հենց վերգետնյան է։ Մնացած բոլոր բեռնափոխադրման ձևերը շատ են թանկացնում ապրանքը ու մեծ տոկոս տեսակարար կշիռ չեն կազմում»։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը նույնպես նկատեց, որ բեռնափոխադրումների առյուծի բաժինը ցամաքային ճանապարհինն է, մի մասն, իհարկե, նավերով, բայց, նա կարծում է, որ օդային բեռնափոխադրումներն այսօրվա պայմաններում, երբ պարբերաբար նաև Լարսի խնդիր է ծագում, լավ տարբերակ են.
«Առավել ևս, քանի որ հիմա ցամաքային ծախսերը շատ բարձրացել էին, օդային բեռնափոխադրումները բավականին մրցունակ տարբերակ կարող են դիտարկվել՝ սուբսիդավորման պայմաններում։ Մասնավորապես Թուրքիայի դեպքում, դա ևս մի ուղղություն է, որը որ փոխադրումներ կարող է ապահովել։ Եթե նաև հետագայում կարող է լինել լուծում ու դրանք այլ ուղղություններով տարվեն, իհարկե, դա շատ լավ կլինի»։
Ամեն դեպքում, ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե վերգետնյա բեռնափոխադրումների ճանապարհը բացվի՝ ասում են փորձագետները նաև նկատում, որ ընդհանրապես Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված յուրաքանչյուր տնտեսական հարց քաղաքական է և տնտեսական օգտակարության հետ շատ քիչ աղերսներ ունի։
Այս տեսանկյունից՝ թե՛ Էմիլ Ստեփանյանը, թե՛ Գագիկ Մակարյանը տարակուսում են, որ հենց այս պահին է Թուրքիան օդային բեռնափոխադրումների արգելքը հանում, երբ հայ-ադրբեջանական լարվածությունը սուր է՝ կապված Արցախը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման հետ։
Գագիկ Մակարյան. «Ինչու՞ հիմա, բնականաբար նշանակում է, ժողովրդական լեզվով ասած, մի քիչ մեր բերանը քաղցրացնել։ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ նույն շահերն են հետապնդում։ Բնականաբար միջազգային հանրությանն էլ ինչ-որ բաներ պետք է ցույց տան»։
Էմիլ Ստեփանյան.«Մեծ հաշվով հույս դնել և գնագոյացում կազմել, ռազմավարություն կառուցել արտահանման կամ ներմուծման այդ ուղղության վրա, շատ օպտիմիստական է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր պահի կարող է նորից փակվել»։
Oդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացման մտադրության մասին Հայաստանը և Թուրքիան հայտարարեցին շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների հատուկ բանագնացների հանդիպումների արդյունքում՝ անցած տարվա հուլիսի 1-ին։ Հայտարարվել էր նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու պատրաստակամության մասին։ Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները դեռ չեն բացվել, իսկ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին նորից խոսվեց առաջին հայտարարությունից միայն 6 ամիս անց։
Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին խոսելուց հետո, Անկարան աստիճանաբար սկսեց պայման առաջ քաշել՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։