ԿարևորՀասարակություն

Շրջափակման մեջ գտնվող արցախցի ուսանողների քննությունները  կկազմակերպվեն հեռավար

Հայաստանյան բուհերում սովորող, բայց Արցախ մեկնած և շրջափակման մեջ հայտնված ուսանողների համար ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով և բուհերի ռեկտորների հանձնարարականներով  անհատական մոտեցում կցուցաբերվի՝  քննությունները կկազմակերվեն հեռավար կամ պարզապես կհետաձգվեն։ Բուհերն իրենք կորոշեն ինչպես կազմակերպել։ Զուգահեռ նաև միասնական քննություններն են մեկնարկում, որոնց մասնակցելու համար շրջանավարտներն էլ սահմանափակումներ ունեն։

Լաչինի միջանցքի փակման առաջին իսկ օրվանից  հայաստանյան բուհերում սովորող ուսանողները սկսել են դիմումներ գրել իրենց բուհերին, անհանգստանալով առաջիկա քննություններին իրենց մասնակցությամբ, քննաշրջանի կազմակերպմամբ։ Քանի որ այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող էր իրավիճակն այսքան ձգձգվել, օրինակ՝ Երևանի պետական համալսարանում որոշում էր կայացվել, որ քննաշրջանի ընթացքում քննությունից 1-2 օր առաջ կամ հետո կկազմակերպվի արցախցի ուսանողների քննությունը։ Բայց քանի որ իրավիճակը գնալով բարդացավ, և այսօր էլ ոչ ոք չգիտի, թե որքան կշարունակվի շրջափակումը, համալսարանի ղեկավարությունը որոշել է այդ ուսանողների քննություններն անցկացնել առցանց։ Գրանցել են բոլոր այն ուսանողների տվյալները, որոնք մնացել են Արցախում և ֆիզիկապես չեն կրող մասնակցել քննություններին։

Պետհամալսարանի 8 ֆակուլտետներում առկա և հեռակա ուսուցմամբ ընդհանուր առմամբ 12 ուսանող կա, որոնք այժմ Արցախում են, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանը։

«Քանի որ համալսարանը Քովիդի համավարակի և պատերազմի շրջանում արդեն բավականին հմտացել էր առցանց քննությունների և ընդհանրապես դասապրոցեսն առցանց անցկացնելու մեջ, արագ լուծում տրվեց , ֆակուլտետներին զգուշացվեց, որ պետք է առցանց կազմակերպվի, ու այս պահի դրությամբ, քանի որ դեռ ընդամենը մի քանի օր առաջ է սկսվել քննաշրջանը, ֆակուլտետները ուսանողների հետ կապ են հաստատում և կազմակերպում նրանց քննությունները առցանց տարբերակով»։

Թե երբ և ինչու այդ ուսանողները Արցախ մեկնել, եթե շրջափակման օրը դեռ դասըթացները չէին ավարտվել, կփորձեն պարզել արդեն քննաշրջանի ավարտից հետո։ Պարզ է միայն, որ 12 ուսանողից 5-ը հեռակայի ուսանողներ են եղել, ուստի նրանց դասընթացներն այդ ժամանակ արդեն ավարտված են եղել։

«Շատ դեպքերում մեզ մոտ էլ էր  հարց առաջանում, որ դեռ ուսումնական պրոցես էր, երբ շրջափակման մեջ հայտնվեց Արցախը։ Իհարկե  ընթացիկների շրջան էր, ընթացիկներից հետո նաև ստուգարքների շրջան էր, իսկ ընթացիկների շրջանում նաև ուսանողներին տրվում է մեկ շաբաթյա արձակուրդ։ Հավանաբար  այդ պատճառով են ուսանողները գնացել։ Վերջնական տվյալները ամփոփելուց հետո մենք պատկեր կստանանք, թե Արցախում գտնվող ուսանողների քանի տոկոսն է այստեղ ստուգարքները հանձնել։ Ովքեր են մասնակցել, ովքեր՝ ոչ։ Բայց թե կոնկրետ ինչ պատճառով են ուսանողները ավելի վաղ այնտեղ գնացել ու մնացել, մենք դեռ հավաքագրած տվյալներ չունենք, ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը ավելի կհստակեցնենք»։

Թագուհի Սահակյանը դեկտեմբերի 5-ին Արցախ մեկնած ու շրջափակման մեջ հայտնված ուսանողներից մեկն է։ Նա պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի 4-րդ կուրսում է սովորում։ Երեք բանավոր քննություններից մեկն արդեն հանձնել է։

«Հանձնել եմ նորմալ, ինտերնետի հետ խնդիր չի եղել։ Քովիդից արդեն սովորել ենք օնլայն քննություն հանձնել, բայց այս պայմաններում առավել բարդ է սովորելը, կենտրոնանալը դասերին։ Բայց պետք է չծուլանանք, մինչև տեսնենք ինչ կլինի այս շրջափակումը։ Պետք է 12-ին Երևան գնայի, բայց հենց այդ օրն էլ փակվեց ճանապարհը, ես էլ մնացի մինչև կբացվի, այդպես էլ չբացվեց, չհասցրեցի քննություններին գնալ, մասնակցել»։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ևս Արցախից ուսանողներ կան։  Նրանց հետ ևս ուսումնական գործընթացը կազմակերպվել է հեռավար։ Քանի որ բուհը արդեն 7 տարի ուսման ավանդական ձևի հետ զուգահեռ կիրառում է նաև Google classroom էլեկտրոնային հարթակը, մինչև նույնիսկ նախարարությունից համապատասխան հանձնարարական ստանալը, Մանկավարժականն արդեն ապահովել էր արցախցիների ուսուցումը նշյալ հարթակի միջոցով՝ օնլայն։

Նույն կերպ էլ նրանց քննությունները կկազմակերպվեն, «Ռադիոլուրին» հայտնեց ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը։ Ի դեպ՝ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստակամություն է հայտնել հեռավար կազմակերպել ոչ միայն ուսանողների դասերը, այլև ըստ անհրաժեշտության՝  վերապատարստումներ դասախոսների համար։

Շրջափակման մեջ գտնվող ուսանողներ ունի նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ Արցախում գտնվող ուսանողների համար անհատական մոտեցում է ցուցաբերվելու՝ սահմանելով անհատական ժամանակացույց։ Բուհում 66 արցախցի ուսանող կա։

ԵՊԲՀ-ում  էլ Արցախից 200 ուսանող է բժշկական կրթություն  ստանում։ Նրանցից 2-ն այս պահին գտնվում է Արցախում։ Նրանց քննությունների և դասերի կազմակերպման հարցերը ևս կքննարկվեն և լուծում կստանան:

Ի դեպ՝ ոչ  միայն ուսանողների  համար է քննական շրջան, այլև շրջանավարտների։ Այս տարի առաջին անգամ ԳԹԿ-ն հնարավորություն է տալիս դպրոցների շրջանավարտներին միասնական քննություններ հանձնել նաև հունվարին։ Թե ինչպես են արցախցի դիմորդների քննությունները կազմակերպվելու, ԳԹԿ–ում էլ դեռ հստակ չգիտեն։ Միայն հայտնեցին, որ շուրջ 50 դիմորդի համար մեկ քննական կենտրոն է ձևավորվելու Գորիսում։ Թե դիմորդներից քանիսը կմասնակցի քննությանը, ժամանակը ցույց կտա։ Իսկ ովքեր չեն կարողանա մասնակցել, արդեն կսպասեն հունիսին անցկացվելիք ընդունելության քննություններն։

Կարդացեք նաև

Back to top button