ԿարևորՏնտեսական

Համաշխարհային ինֆլյացիան թույլ չի տալիս, որ դրամի արժևորումը չեզոքացնի գնաճը. փորձագետներ 

2022 թվականի ամբողջ ընթացքում փոխարժեքի հայկական շուկայում դոլարը հետևողականորեն արժեզրկվեց՝ տարեվերջին հատելով նաև 400 դրամի շեմը։ Դրամը գրեթե մեկ տարում դոլարի նկատմամբ արժևորվեց շուրջ 20%-ով։ Տնտեսագետների գնահատմամբ՝ դրամի արժևորման հիմնական պատճառը դոլարի մեծ ներհոսքն էր․ ավելացավ արտարժույթի առաջարկը՝ հանգեցնելով դրամի արժևորման կամ արտարժույթի արժեզրկման։ Դրամի արժևորումը պայմանավորված էր նաև համաշխարհային ֆինանսական զարգացումներով։

Ի՞նչ ազդեցություն է ունեցել դրամի արժևորումը Հայաստանի տնտեսության վրա, ինչո՞ւ նկատելի գնանկման չի հանգեցրել և ի՞նչ կանխատեսելի վարքագիծ կարող է դրսևորել արտարժույթը 2023-ին։

Համաշխարհային շուկայում նկատվող ինֆլյացիան մեծ ազդեցություն ունի Հայաստանում գնաճի վրա։ Ե՛վ պետական հատվածի, և՛ փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ սա է պատճառներից մեկը, որ անգամ դրամի արժևորման պարագայում չեն նվազում ներմուծվող ապրանքների գները։ Ներմուծողների համար դեռ անորոշություններ կան՝ ասում է  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը։  

«Շատ հաճախ տնտեսավարող սուբյեկտները, որոնք ներմուծում են իրականացնում, որդեգրում են ավելի սպասողական վարքագիծ, այսինքն՝ մի դեպքում, երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, նրանք շատ արագ դրան արձագանքում են և բարձրացնում են գները, բայց հակառակ տենդենցը, երբ տեղի է ունենում, մի փոքր ավելի զգուշավոր են մոտենում հարցին. սպասում են, մինչև որ վերջնականապես համոզվեն ձևավորված նոր փոխարժեքի կայունության մեջ, հետո նոր համապատասխան քայլեր են ձեռնարկում»։  

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի ձևակերպմամբ՝ համաշխարհային ինֆլյացիան թույլ չի տալիս, որ դրամի արժևորումն այդ ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնի։ 

«Ընդամենը կարողացավ որոշակիորեն մեղմող դերակատարում ունենալ։ Իսկ թե այդ մեղմումը սպասվածի չափ էր, թե ավելին կամ պակաս, դա արդեն երկրորդ հարցն է, որը կապված է մեր շուկաներում մրցակցային իրավիճակի հետ, տնտեսվարողների սպասումների հետ և այլն»։

Այս հարցին տարեվերջին անդրադարձել էր նաև էկոնոմիակայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ տարածաշրջանի ամենացածր գնաճը Հայաստանում է: Միգուցե որոշ դեպքերում կան ոչ շուկայական պայմանավորվածություններ՝ ասել էր նախարարը՝ կարծիք հայտնելով, որ խնդիրը ԿԲ-ի և Մրցակցության պետական հանձնաժողովի տիրույթում է․ այս երկու կառույցներն են պատասխանատու ճիշտ գնագոյացման  համար:

ԿԲ-ում էլ համոզված են, որ արտարժույթի՝ մասնավորապես դոլարի փոխարժեքի նվազումը Հայաստանում ինչ-որ առումով զսպել է գնաճը։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասում է, որ դրամի արժևորումը մասամբ չեզոքացրել է գնաճի տեմպերը․ եթե դրամն այսչափ չարժևորվեր, գնաճը Հայաստանում շատ ավելի բարձր կլիներ։

«Առնվազն մի քանի տոկոսային կետ ավելի բարձր կլիներ»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022 թ. հոկտեմբերը 2021 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5%։  Նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսն աճել էր 8.7 տոկոսով:

Տնտեսագետ Նարեկ Կարապետյան․ «Ամեն  դեպքում, անգամ, եթե  հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրամի 20 տոկոսով արժևորում է տեղի ունեցել, դա անգամ կատարյալ արձագանքող շուկաների պայմաններում բավարար չէր լինի ամբողջությամբ չեզոքացնելու արտաքին գնաճային ազդեցությունները։ Իսկ դրանք հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, որին համաշխարհային ապրանքային շուկաները կտրուկ գների աճով էին արձագանքել, բավականին ուժեղ էին»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյան. «Պետք չէ մոռանալ նաև, որ ներմուծումներն ապրանքախմբերով են իրականացվում և սակագինը ձևավորվում է տնտեսվարող սուբյեկտի ներմուծման գնի շուրջ։ Միայն նոր խմբաքանակի ներմուծման վրա է նոր սակագին աշխատում։ Այս երևույթին ականատես եղանք հատկապես վառելիքի շուկայում վերջին զարգացումներում։ Երբ դոլարի փոխարժեքը վաղուց նվազել էր, բայց բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում էր բարձր մնալ։ Միայն վերջին երկու–երեք շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք գնի նվազումների»։    

Այսինքն, ըստ փորձագետի, ձևավորված հավասարակշռության տևական պահպանումը գների նվազման սպասումներ ձևավորելու հնարավորություն է տալիս։ Իսկ թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի արտարժույթը 2023-ին, փորձագետների գնահատմամբ, կախված է տարբեր գործոններից, որոնց ազդեցությունը  կարող է և՛ դրական, և՛ բացասական լինել։      

Կարդացեք նաև

Back to top button