Նվազել են ծնունդները, մահերը, ամուսնությունները, աճել՝ ամուսնալուծությունները
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայաստանում 2013 թվականի ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշները` ծնելիություն- մահացություն, ամուսնություն- ամուսնալուծություն հարաբերակցությունն է այսօր ներկայացրել Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ այդմ` հանրապետությունում 2013 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է ինչպես մշտական բնակչության, այնպես էլ ամուսնությունների, մահվան և ծնունդների ցուցանիշը, փոխարենը՝ աճել է ամուսնալուծությունների թիվը:
Հանրապետությունում անցյալ տարի ծնվել է 953 Նարե և 1410 Դավիթ: Ծնողների մեծամասնությունը նախապատվությունը տվել է նաև Մարի, Մանե, Միելնա անուններին, իսկ տղաների դեպքում առավել ընդունված անուններն են նաեւ Նարեկը, Գոռը, Հայկն ու Ալեքսը: Ներկայացնելով Հայաստանում 2013 թվականի ժողովրդագրական տվյալները` Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ անցյալ տարի հանրապետությունում ծնվել է 19570 աղջիկ և 22200 տղա:
Ամփոփելով բնակչության ժողովրդագրական տվյալները` Կարինե Կույումջյանը նշեց, որ 2013 թվականի տարեսկզբի դրությամբ բնակչության թիվը կազմել է 3 մլն 17400 մարդ, ինչը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9500-ով:
Անդրադառնալով 2013-ի ամուսնությունների և ամուսնալուծությունների թվին՝ վիճակագիրը նշեց, որ ամուսնությունների թիվը նույնպես 2012 թվականի համեմատ նվազել է` կազմելով 18363 նախորդ տարվա 19063-ի դիմաց: Դրան զուգահեռ աճել է ամուսնալուծությունների թիվը: 2013 թվականին արձանագրվել է ամուսնալուծության 3756 դեպք 2012 թվականի 3250- ի համեմատ: Կարինե Կույումջյանի տեղեկացմամբ` ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Լոռիում ու Երևանում, ամենաքիչը՝ Տավուշի մարզում: