Վրաստանի հայկական դպրոցներում հայերենն ընդգրկել քննական առարկաների ցանկում. առաջարկը Արմեն Աշոտյանինն է
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանի հայկական դպրոցներում հայերենն ընդգրկել քննական առարկաների ցանկում: Նման առաջարկով է հանդես եկել Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր վրացի գործընկերոջ հետ Է Թբիլիսիիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, պաշտոնական այցով նախարարը գտնվում է Վրաստանում, որտեղ քննարկում է հայ-վրացական գիտակրթական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև վիրահայերի կրթական խնդիրներին վերաբերող հարցեր:
Վրաստանում այսօր գործում է 129 հայկական դպրոց: Դրանցում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման են սպասում: Նախարար Արմեն Աշոտյանը բարձրաձայնելով դրանք, ակնկալում է դրական լուծում, մանավանդ որ. «Լավատեսության հիմք է ծառայել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլու նախընտրական խոստումները, որոնք վերաբերել են նաև վիրահայ համայնքի կրթական իրավունքների իրականացմանը»:
Կարևոր հարցերից մեկը դասագրքերին է վերաբերում: «Մեզ չի բավարարում հայկական դպրոցներում դասագրքերի թարգմանության որակը», նկատեց Արմեն Աշոտյանը:
«Մենք առաջարկում ենք նաև վերականգնել վիրահայ ուսուցիչների վերապատրաստման, վրացերենից հայերեն թարգմանված դասագրքերի խմբագրման գործառույթները, ինչպես նաև ավելացնել հայոց լեզվի դասաժեմերի քանակը»:
Իսկ Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզուն քննական առարկաների ցանկում ընդգրկելու առաջարկը նախարարը պայմանավորում է հայերենի դասավանդման արդյունավետությամբ: «Այս հարցերը կարևոր են, որպեսզի Վրաստանի քաղաքացի հայազգի երիտասարդները մի կողմից լինեն պարտաճանաչ և բարեխիղճ քաղաքացիներ, մյուս կողմից չմոռանան իրենց ազգային ինքնության և այդ ինքնությունը պայմանավորող կրթության, լեզվի, մշակույթի մասին»:
Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեն ընբռումով է մոտենում հայկական կողմի բարձրացրած հարցերին. «Դրանք խնդիրներ են, որոնք մեզ նույնպես անհագստացնում են և պետք է լուծում ստանան»: Սակայն ըստ նրա, կան հարցեր, որոնց լուծումը միայն Կրթության նախարարության գործառույթում չի գտնում. օրինակ հայկական դպրոցներին ուղարկվող դասագրքերի գործընթացը մի շարք գերատեսչությունների է առընչվում:
Վրաստանի Կրթության նախարարը կարծում է, որ թարգմանված դասագրքերի խմբագրման աշխատանքներին ընդգրկելով նաև հայկական կողմին, կունենան ավելի որակյալ դասագրքեր: «Սակայն կան հարցեր, որոնք երկար քննարկում են նախատեսում: Ես առաջարկեցի հիմնել մի պլատֆորմ, որտեղ կքննարկվեն դրանք ու կստանան միասնական լուծում»: