Հասարակություն

2013-ին աճել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Անցած տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է, այսօր հայտարարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։ Հանցագործությունների հիմնական մասը կատարվել է մայրաքաղաքում: 2013-ին կրկնահանցագործության դեպքով դատապարտվել է 2 անչափահաս:

2013- ին անչափահասների կողմից կատարված 418 հանցագործություն է արձանագրվել։ Այն 4- ով ավելի է 2012- ի համեմատ։ Եթե 2012-ին հանրապետությունում արձանագրված ընդհանուր հանցագործությունների մեջ անչափահասների կողմից կատարված հանցանքները կազմել են 2.6 տոկոս, ապա այս տարի կազմել է 2.2 տոկոս:

«2013-ին-2012-ի համեմատ նվազել է անչափահասների կողմից կատարված սպանության դեպքերը մեկով, խարդախությանը` 4-ով, անօրինական զենք կրելունը` 3-ով»:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանի տեղեկություններով` անչափահասների կողմից կատարված հանցագործություններում գերակշիռը հափշտակության դեպքերն են՝ 210։ 2012-ի հետ համեմատ նախորդ տարի 9 –ով նվազել են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Ոստիկանության անչափահասների գործերով ծառայությունը հանրապետության բոլոր մարզերի դպրոցների աշակերտների հետ իրավական տարբեր թեմաներով պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ:

Հանցագործությունների կանխման համար ոստիկանությունը Երևանի, Վանաձորի և Գյումրիի ավագ դպրոցներին կցել է դպրոցական տեսուչներ, ովքեր առավոտից մինչև դասերի ավարտը հետևում են աշակերտների վարքին: Հանցագործություններ կատարողները ծնողների կողմից անուշադրության մատնված տարբեր խավի երեխաներ են:

Back to top button