Հասարակություն

«Հայկական լեռնաշխարհը»՝ վիրտուալ աշխարհում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծվել է 2009 թվականին, որը նպատակ ունի հաղթահարել կրթական այն խոչընդոտները, որ տասնամյակներ շարունակ մտահոգել են  հայկական Սփյուռքին: Սա մեծ հնարավորություն է ընձեռնում այն ուսանողներին, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանադական դեմ առ դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին: Այսօր վիրտուալ համալսարանն ունի ավելի քան 3000 ուսանող` աշխարհի 65-ից ավելի երկրներից: Վիրտուալ լսարաններում դասընթացները իրականացվում են 6 լեզվով` հայերենի երկու տարբերակով` արևմտահայերեն, արևելահայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն: Համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության  կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանը  հանդես է նոր նախաձեռնությամբ,  ստեղծել է  առաջին մուլտիմեդիա էլեկտորնային գիրքը  «Հայկական լեռնաշխարհ» անունով։

Հայկական մշակույթը և պատմությունը ընթերցողներին մատչելի ու հետաքրքիր ձևով մատուցելու նպատակով Հայկական վիրտուալ համալսարանը հանդես է նոր նախաձեռնությամբ:  Այսօր առաջին անգամ ներկայացվեց ՀՎՀ-ի նոր` «Հայկական լեռնաշխարհ» առաջին մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը, որն ամփոփում է հայկական մշակույթն ու պատմությունը:  էլեկտրոնային գրքում լուսանկարների, երաժշտության, տեսահոլովակների, քարտեզների և 3D պատկերների միջոցով ներկայացվում է լեռնաշխարհի շրջակա միջավայրը, վարչատարածքային բաժանումները, մշակույթը: Ընթերցողներին հնարավորություն է ընձեռվում հարցաշարերի միջոցով ստուգել ստացված գիտելիքները`գնահատելով սեփական առաջընթացը։ Ծրագիրը հասանելի է ոչ միայն համակարգիչների, այլև հեռախոսների և այլ սարքերի վրա։

Մուլտիմեդիա էլեկտրոնային  գրքերի շարքով հայկան հարուստ մշակույթն ու պատմությունը ներկայացնելու միտքը ծագել է Հայաստանի մասին տեղեկություն ստեղծելու այն ավելի տեսանելի դարձնելու ցանկությունից։ Նկատենք, որ «Հայկական լեռնաշխարհ» Էլեկտրոնային գրքում օգտագործված նյութերը վերցված են ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից և համալսարաններում կիրառվող կրթական նյութերից:

էլեկտրոնային հաջորդ գրքերով նախատեսված է  պատմել Հայաստանի պատմության, տնտեսության, փոփ-մշակույթի, զբոսաշրջության և երաժշտության մասին: 2014-ի մարտից անվճար հասանելի կլինի գրքի iBook տարբերակը, որը նախատեսված է iPad-ների և Mac համակարգիչների, «Բրաուզեր» տարբերակը հասանելի կլինի մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար։

Back to top button