Հայկական բանակի կազամավորման 22-րդ տարեդարձը հանդիսավորությամբ նշվել է Արմավիրի մարզում
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Հայկական բանակի մարտունակության և հայ զինվորի արիության մասին լեգենդներ չեն հյուսվում, այն իրականություն է, որում մենք օր օրի համոզվում ենք, հպարտանում նրանով և իր արծիվներով: Կարեն Մկրտումյանը նորակոչիկ է, 1 ամիս առաջ է զորակոչվել բանակ, զինվորական գործին պատրաստ էր միայն դպրոցական գիտելիքներով, սակայն այժմ թեմատիկից անցել է գործնականի:
Մոր նորօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի սխրանքը օրինակելի է զինվորների համար: Կյանքի գնով թշնամու դիվերսիայի կանխման գործողությունը բարձր է գնահատում գեներալ Վարդան Օհանյանը։ «Մեր բանակի մարտունակության գնահատականը կարելի է ասել, հիմնականում տալիս է հակառակորդը: Եթե նա չի վերսկսել իր գործողությունները, ուրեմն վստահություն չունի իր հաջողության մեջ»,- ասում է:
Բանակում ծառայում են նաև կանայք, ովքեր նույնպես մարտական են տրամադրված իրենց գործին: Էջմիածնի հակաօդային պաշտպանության զորամասում է ծառայում շարքային Լիաննա Երեմյանը։ Նրա հարազատները արցախյան ազատամարտի մասնակիցներ են: Հենց միջավայրն էլ նրան մղել է զինվորական գործին, պատրաստ է կռվել նաև սահմանին և հանուն իր երեխաների պատրաստ է ամեն ինչի:
Արմավիրի մարզպետարանում հանդիսավոր նիստը սկսելուց առաջ ներս բերվեց հայոց եռագույնը և նիստը բացեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ «Սիրելի բարեկամներ, պատմությունը վկայում է, որ հանուն հայրենյաց փրկության հաղթանակները հեշտությամբ չեն նվաճվում, միշտ էլ ճակատամարտերը շահում են նրանք, ովքեր կյանքի գնով և ինքնազոհողությամբ գնում են մինչև վերջ` գիտակցելով ազգային արժեքների վերահաստատման գերագույն իմաստը»:
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին մարտական գործողությունների ընթացքում և հայրենի եզերքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը: Հանդիսավոր նիստին մասնակցում էին բանակի ակունքներում կանգնած ազատամարտիկներ:
Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը նրանցից մեկն է, ով կարևորեց տագնապալի տարիներին հայկական բանակի կազմանորման անհրաժեշտությունը:
Ներկաներին ու հայոց բանակի ծառայողներին իր շնորհավորանքի և օրհնանքի խոսքն ասած Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Սրբազան հայրը հիշատակեց վերջերս հայ զինվորի կատարած սխրանքը, ով ներշնչվել ու առաջնորդվել էր «Մահ իմացյալ` անմահություն է» վարդանյաց գաղափարախոսությամբ։ Արմեն Հովհաննիսյանը մեր մեջ մնաց հավերժ հերոս, ով իր կյանքով փրկեց շատերի կյանքը: Մեր միակ աղոթքն է առ բարձրյալ Աստված, որ տերը խաղաղ պահի մեր երկիրը»,- ասաց սրբազանը։