Վերլուծական

Օլանդի այցից թուրքական ակնկալիքները տապալված են, կարծում են քաղաքագետը։

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր» 

 Երեկ երկօրյա այցով Թուրքիա  է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սա նախագահի մակարդակով առաջին այցն է Թուրքիա վերջին 22 տարիների ընթացքում` 1992 թվականին Թուրքիա պետական այց է կատարել Ֆրանսուա Միտերանը: Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում 7 նախարար և չորս տասնյակից ավելի ֆրանսիացի գործարարներ են:  Օլանդի այցը Թուրքիա Ֆրանսիայում ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Երեկ 22 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել է Թուրքիա, որն էլ մեծ արձագանք է ստացել թուրքական փորձագետների ու քաղաքագետների շրջանում, ովքեր բարձր են գնահատել այդ փաստը:  Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Օլանդ-Գյուլ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է,  թե պատմության էջերը բացահայտելը միշտ ցավոտ է, սակայն դա պետք է անել: Իսկ Թուրքիայի նախագահը արձագանքել է, որ 100 տարի առաջ կրած տառապանքները մեր ընդհանուր ցավն  է, սակայն  այդ ցավը պետք չէ փոխանցել սերնդե սերունդ և այդ ցավերի վերհանումը պետք է թողնել պատմաբաններին:

Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել բոլոր արխիվները, իսկ Օլանդն էլ նշել է, որ իրենք աշխատելու են կիրառել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: 

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի կարծիքով` Թուրքիայի և Ֆրանսիայի միջև  մրցակցությունը գնալով մեծանում է:  Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցից, եթե Անկարան  հարաբերությունների կարգավորման որևէ ակնկալիք ուներ, ապա այժմ   քաղաքագետը համարում է այն  տապալված է և ավելացնում, որ այս ենթատեքստում հակամարտությունը դեռ իր զարգացումը կունենա, իսկ հայկական հարցն էլ  Ֆրանսիայի համար միայն գործիք է:

Ըստ քաղաքագետի` Ֆրանսիան լավ է հասկանում, որ Թուրքիայի Եվրամիության անդամակցությամբ իր համար տնտեսական լուրջ մրցակցություն կարող է սկսվել։ «Եթե մենք կարողանանք դիվանագիտությունը մեր այնպես դասավորել, որ այդ շահերը համաձայնեն կամ մեկտեղվեն Հայաստանի ազգային  շահերի հետ, դա շատ լավ կլիներ։ Բայց, ցավոք սրտի, հայկական հարցի գործոնը ավտոնոմ է օգտագործվում Թուրքիայի դեմ և Հայաստանը դրանից գրեթե ոչինչ չի շահում՝ բացի բարոյական ձեռքբերումներից»։

Ֆրանսիա- Թուրքիա մրցակցության հիմքում Հայաստանի ակնկալիքը պետք է միայն լինի  Թուրքիայի ակտիվության կասեցումը Հարավային Կովկասում:  Մելիք- Շահնազարյանն ընդգծում է, որ Հայաստանը պետք է Ֆրանսիայի հետ Թուրքիայի դեմ մշակի միասնական  քաղաքականություն:

Այն, որ կարող է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար դառնալ  նախապայման  Եվրամիությանն ինտեգրվելու հարցում , քաղաքագետը համոզված է, որ նման պայմաններում նույնիսկ Ֆրանսիայի համար  անցանկալի է Թուրքիայի մուտքը ԵՄ:  Ֆրանսիայի նախագահի այցը քաղաքագետը պայմանավորում է  Թուրքիայի հետ դիրքորոշումների հստակեցմամբ։ Հրանտ-Մելիք Շահնազարյանը կարծում է, որ ֆրանս-թուրքական  մրցակցությունը երկար կտևի , իսկ այս հանդիպումն էլ որևէ փոփոխություն չի բերի  ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացներում։

Back to top button