Միջազգային

Վարչապետի հրաժարական, չեղյալ հայտարարված օրենքներ, Նիգոյանի սպանության վարկածներ. նոր զարգացումներ Ուկրաինայում

Վարչապետի հրաժարականը դեռ հրաժարական չէ
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր հրաժարական է տվել: «Խնդրում եմ նախագահ Յանուկովիչին ընդունել իմ հրաժարականը, որի նպատակը հասարակական- քաղաքական փոխզիջման համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումն է»,- ասված է Ազարովի այսօր տարածած հայտարարության մեջ: Նախագահ Յանուկիովիչը դեռևս չի ընդունել նրա հրաժարականը։ Իշխանական Ռեգիոնների կուսակցությունը հայտարարարել է, որ վարչապետի հրաժարականի մասին դիմումը դեռևս հրաժարական չէ, քանի դեռ այն չի ընդունել երկրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանուկովիչը ընդդիմության առաջնորդներին Արսենի Յացենյուկին և Վիտալի Կլիչկոյին առաջարկել էր վարչապետի և փոխվարչապետի պաշտոնները, ընդդիմադիր գործիչները, սակայն հրաժարվել էին պաշտոններից:

Կես ամիս առաջ ընդունված օրենքները չեղյալ են համարվում ծափահարություններով
Այսօր  արտահերթ նիստ է անցկացրել նաև Ուկրաինայի Գերագույն ռադան՝ քննարկելով երկրում ստեղծված ճգնաժամից ելքի ուղիներն ու որոշումներ ընդունելու իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Արտահերթ նիստի ընթացքում օրենսդիրը չեղյալ է հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքները, որոնք երկրում բողոքի նոր ալիք էին բարձրացրել՝ հանգեցնելով Ուկրաինայում առկա ճգնաժամին:

Ի թիվս այլ օրենքների չեղյալ է հայտարարվել նաև հասարակության՝ հավաքների անցկացման իրավունքը սահմանափակող օրինագիծը։ Որոշումը պատգամավորներն ընդունել են ծափահարություններով: Հիշեցնենք, որ ռադայի ընդունած օրենքների պատճառով սկիզբ առած անկարգություննեը խլեցին երեք մարդու կյանք:

Ոստիկանությունը Նիգոյանի սպանության հիմնական մեղավոր համարում է ընդդիմադիր սադրիչներին
«Կիևում ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի սպանության  հիմնական վարկած է նշվում սադրանքը՝ առկա  հակամարտությունն էլ ավելի սրելու նպատակով»,- հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Քննչական գլխավոր վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Սակալը: «Շրջանառվում է սպանության մի քանի վարկած, սակայն հիմնականը Նիգոյանի՝ անկարգության մասնակիցների կողմից սպանվելու վարկածն է՝ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը սադրանքի միջոցով սրելու նպատակով»,- ասել է նա։

Պաշտոնյան, սակայն, ընդգծել է, որ քննիչները դեռևս չեն կարողանում ճշտել սպանության ճշգրիտ վայրը, «այդ պատճառով էլ մենք չենք դադարեցնում քննությունը»,- ասել է նա։

Ուկրաինայի հայկական կազմակերպությունները պահանջում են պատժել մարդասպանին
Ուկրաինայի հայկական կազմակերպությունների արտահերթ հավաքի ընթացքում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հայտարարել է, որ մարդիկ, որոնք մեղավոր են ազգությամբ հայ ակտիվիստի մահվան համար, պետք է կրեն պատիժը երկրում գործող օրենսդրության սահմաններում: «Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի  հայ երիտասարդին սպանած հանցագործին գտնեն և պատժեն: Մենք չենք հարում որևէ ուժի ստեղծված իրավիճակում, մեզ համար կարևոր չէ, թե որ կողմից է մարդասպանը, կարևոր է, որ նա պատժվի»,- ասել է Շատվորյանը:

Back to top button