Հասարակություն

Հայաստանում սիրիահայերի հիմնական խնդիրը աշխատանքն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վերջին տարիներին Հայաստանի գործազուրկների շարքերը համալրել են նաև Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները: Նրանց հիմական մասի համար դժվար է  Հայաստանում  աշխատանք գտնել: Սիրիահայերը հիմնականում հմտացած են տարբեր բիզնեսների մեջ, ունեցել են համեմատաբար բարձր եկամուտներ, այժմ, սակայն, Հայաստանում միշտ չէ, որ կարողանում են  համապատասխան աշխատանք փնտրել։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/01/270114siriahay.mp3

Հաշվապահ,. մանկավարժ, վաճառող, վարորդ, բուժքույր, տնտեսագետ. Երևանում հիմնականում այս մասնագիտությունների տեր մարդիկ են աշխատանք փնտրում: Վերջին տարիներին մայրաքաղաքում, և ոչ միայն,  գործազուրկների շարքերը համալրեցին նաև սիրիահայերը:  29-ամյա Սարգիսը  մասնագիտությամբ տնտեսագետ է, արդեն ութ ամիս է Հայաստանում է,  ութ ամիս էլ աշխատանք է փնտրում:

Սիրիայում հինգ տարի աշխատել է բանկային  համակարգում, Երևանում էլ է ցանկանում աշխատանք գտնել, գործող 22  բանկից 20-ին դիմել է.  արձագանքել են երկուսը միայն: Մերժումների պատճառներից մեկն էլ հայերենի ոչ լավ իմացությունն է։ 

Ընդհանուր առմամբ՝ դժվար է սիրիահայերի համար Հայաստանում  աշխատանք գտնելը։ Հիմնականում հմտացած են տարբեր բիզնեսների մեջ։  ՄԱԿ- ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը նշում է, որ այստեղ նրանց  առաջարկվող  աշխատավարձն է ցածր, «իսկ նրանց մեծ մասը չունի այստեղ սեփական բնակարան, վարձով է բնակվում, աշխատավարձը չի բավարարում տան վարձի վճարման համար»։

Սիրիահայերի մի մասն էլ փորձում է Հայաստանում ոչ թե աշխատանք փնտրել, այլ սեփական գործը սկսել, ինչպես օրինակ զրուցակցս ՝Հրայր Ագիլյանը: Նա  Հալելպից է տեղափոխվել,  փայտագործ է, մի քանի ամիս է, ինչ աշխատում է, արդյունքներից գոհ չէ։

Շուրջ վեց ամիս առաջ Սիրիայից Հայաստան է եկել նաև մյուս զրուցակիցս՝ Հարություն Կվասյանը: Նա հայրենիքում զբաղվում է նրանով, ինչով եւ Սիրիայում՝ ավտոմեքենաների վերանորոգման կետ ունի: Գործիքների մեծ մասն իր հետ է բերել , մյուսն մասն էլ գնել է պետության հատկացրած  վարկային միջոցներից, տեղյակ է նաև հարկային օրենսդրությունից, ասում է, որ Հայաստանում իրեն ոչինչ չի անհանգստացնում։

Սիրիահայերը Հայաստան են տեղափոխվել հարկադրված՝ սեփական մահն աչքի առաջ ունենալով: Մինչդեռ՝ ինչպես վերջերս պարզվեց՝ այստեղ նրանց այքան էլ լավ չենք ընդունում: Բոլորովին վերջերս «Մանանդ»  տաքսի ծառայության սեփականատիրոջ որդին ընկերների հետ դաժան ծեծի էր ենթարկել Սիրիայից Հայաստան տեղափոխված Բրուտյանների ընտանիքի անդամներից երեքին։

Back to top button