ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը խոսում է երիտասարդ արվեստաբանների գիտական 15-րդ նստաշրջանի արդյունքների, ոլորտի խնդիրների մասին։
Երիտասարդ արվեստաբանների գիտական 1-ին նստաշրջանը գումարվել է 2005 թվականին։ Յուրաքանչյուր տարի երիտասարդ արվեստաբանները ներկայացնում են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները։
Երիտասարդ արվեստաբանների վերջին նստաշրջանը գումարվել էր 4 տարի առաջ՝ 2018թ․-ի նոյեմբերին։ Աննա Ասատրյանը, նստաշրջանի ձևաչափը համարում է բացառիկ, քանի որ այստեղ ընդգրկված են արվեստի բոլոր ճյուղերի երիտասարդ հետազոտողները։
«Անվերջ խոսակցություններ կան Ակադեմիայի նպատակահարմարության, լինել–չլինելու մասին․ այդ խոսակցությունները հոգեբանորեն ազդում են գիտությամբ զբաղվող աշխատակիցների վրա։ Հետո համավարակ, պատերազմ, թևաթափ եղանք, բայց մեզանում գերիշխեց այն գիտակցությունը, որ մեր խրամատն էլ սա է՝ արվեստագիտությունը, մեր զենքը՝ մեր միտքն ու գրիչը։ Եթե 1943 թվականի պատերազմի ամենադաժան տարիներին Հայաստանում ստեղծվեց Գիտությունների Ակադեմիան, այսինքն՝ կարևորվեց գիտությունը։ Մենք էլ որոշեցինք վերականգնել այդ ավանդույթը»։
Աննա Ասատրյանը նստաշրջանը գերազանց է գնահատում։ Ներկայացված 25 զեկուցումներից յուրաքանչյուրն իր ասպարեզում առանձնանում էր։ Ընդունված չափանիշերով յուրաքանչյուր զեկույցում անպայման պիտի գիտական նորույթ պարունակի։ Այդ տեսակետից բոլոր զեկուցումները նոր խոսք էին․ ներկայացվել են ոչ միայն պատմությանը վերաբերվող հարցեր, այլ նաև՝ տեսական խնդիրներ են արծարծվել։
«Այս նստաշրջանը վկայում է այն մասին, որ արվեստագիտությունը չի ծերանում և մենք ունենք երիտասարդների արժանավոր հերթափոխ», – ասում է Աննա Ասատրյանը։ Նա կարևորում է պատմաբանների ու տեսաբանների խոսքի հասանելիությունը արվեստագետների ու ստեղծագործողների շրջանում, կարևորում է երկխոսությունն ու համագործակցությունը, մասնակցությունը ստեղծագործական պրոցեսներին․
«Շատ կուզեի, որ արվեստի ինստիտուտը ոչ միայն զբաղվի հայ արվեստի պասիվ ուսումնասիրությամբ, այլ դուրս գա և մտնի ստեղծագործական պրոցեսների մեջ և ինչ–որ ձևով ուղղորդի մեր ստեղծագործողներին»։
Աննա Ասատրյանը երազում է, որ արվեստի ինստիտուտը առանձին շենք ունենա, որտեղ կլինի համերգային դահլիճ, ցուցասրահ, դահլիճներ՝ գիտական միջոցառումների համար։ Վստահ է, որ ինստիտուտը մեծ հեռանկարներ ունի։
2023 թվականին կհրատարակվի նստաշրջանի զեկուցումների ժողովածուն։ Նստաշրջանը, ինչպես Աննա Ասատրյանն է ասում, կարևոր քայլ է հայ արվեստագիտության զարգացման ճանապարհին։