Հասարակություն

Վիրտուալ պատերազմներ. ադրբեջանական հաքերային գրոհը արժանի հակահարված է ստացել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև  համացանցի տարածքում: Երկու կողմերի հաքերները փոխադարձաբար կիբեռ գրոհների միջոցով կոտրել են մի քանի տասնյակ հայկական և ադրբեջանական կայքեր։  Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝  կիբերգրոհների նոր շրջանի բացման նախաձեռնողը ևս ադրբեջանական կողմն է։

Եթե այս գրոհները, այսպես ասենք, նվիրված էին 1990 թվականին ի պատասխան Բաքվում հայերի ջարդերի խորհրդային զորքերի գործողություններին, ապա ադրբեջանցի հաքերների հաջորդ ակտիվացումը սպասվում է Խոջալուի դեպքերի հերթական  տարելիցին ընդառաջ՝ փետրվարի վերջին, նշեց փորձագետը:  Ինչևէ՝ պատասխան քայլերը չուշացան և հայ հաքերները կոտրեցին 13 ադրբեջանական կայքեր։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն իր հերթին կարևորեց կիբեռ-անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը արդեն արվում է պատշաճ մակարդակով պետական մարմինների կայքերի պարագայում: Վերջին գրոհներից տուժած հայկական կայքերը  մեծամասամբ պատկանում են մասնավոր ընկերություններին։ 

Մյուս կողմից՝ կիբեռգորհները թույլ են տալիս վերացնել վեբ-կայքերի խոցելի կողմերը: Սակայն որոշ կայքատերեր անտարբեր են անվտանգության հարցերի շուրջ։ Ի տարբերություն իրական պատերազմի՝ համացանցային հարձակումները չունեն հաղթող և պարտվող կողմ, նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

Այնպես որ՝ կարևոր է ապահովել անվտանգությունն ինչպես  ռազմի դաշտում, այնպես էլ համացանցում:

Back to top button