Սփյուռքի ձայնը

Քաղաքական տարբեր հայացքներով ֆրանսահայ երկու փոխքաղաքապետերը․ «Սփյուռքի ձայնը»

Ֆրանսիական Վիեն քաղաքի փոխքաղաքապետը Լևոն Սաքունցն է, որը ծնվել է Հայաստանում, իսկ Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետը Արթուր Խանջյանն է, որը ծնվել է Լիբանանում։

Հայազգի երկու քաղաքական գործիչները միաժամանակ են ստանձնել պաշտոնները` 2014-թվականին, ունեն քաղաքական տարբեր հայացքներ և տարբեր դիրքորոշումներ հայկական և ներհայաստանյան հարցերի վերաբերյալ։

Լևոն Սաքունցը Երևանում մասնակցել է Համահայկական գագաթնաժողովին, այն արդյունավետ է գնահատում: Վստահ է, որ նման հանդիպումները սփյուռքի կազմակերպան համար կարևոր քայլեր են։ Նշում է, որ այսօր ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ինչ-ինչ ծրագրեր և մեխանիզմներ մշակել՝ չսպասելով ավելի օրհասական պահերի:

Արթուր Խանջյանը, որը նույնպես սփյուռքի ակտիվ ներկայացուցիչներից է, նշում է, որ թեև գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն այն չի ընդունել։

«Ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը՝ ոչինչ: Գիտե՞ք, թե որքան գումար է ծախսվել այս հանդիպումը կազմակերպեյու համար: Իսկ այն իրավիճակում, որում այսօր Հայաստանն է, նման ծախսերը անտեղի են»,- ասում է:

Ի՞նչ հարաբերություններ ունեն Ֆրանսահայ ներաստեղծ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հին ու փորձառու, օրինակ Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների և ղեկավարների հետ։

«Հարաբերությունները կազմակերպության անդամների հետ նորմալ են, անգամ հանդիպումներ են եղել: Հարցն այն է, որ տարիների ընթացքում մենաշնորհի դրսևորումներ են ձևավորվել, որը խանգարել է թե նոր մտածողության, թե նոր գաղափարների իրագործմանը»,- ասում է Լևոն Սաքունցը:

Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի, քաղաքական գործիչների հետ աշխատանքների մեծ փորձ ունեն համայնքի ավագ գործիչները, իսկ նորաստեղծ կազմակերպությունների ղեկավարները հայկական հարցերով մինչ այս չեն զբաղվել, ասում է Արթուր Խանջյանը։

«Ես չեմ պաշտպանում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կազմին, բայց նրանք այս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են տարել այս երկրում: Նաև նրանց աշխատանքի շնորհիվ է, որ ֆրանսիացիները այդքան լավ են վերաբերում մեր ազգին ու նրա ներկայացուցիչներին»,- շեշտում է Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետը։

Հայաստանի համար բարդ և դժվարին իրավիճակում սփյուռքը «ով ում դեմ է» եզրույթից պետք է հրաժարվի, վստահ է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։ Միասնական քաղաքականություն, սա է այսօր մեզ պետք, համոզված է նա:
Եվ այնուամենայնիվ, ինչը կարող է այսօր կամուրջ դառնալ Հայաստանի ու Սփյուռքի միջև, արդյո՞ք շատ են անելիքները այդ կամուրջը ոչ միայն ամրացնելու, այլ կանգուն պահելու համար, Իսի Լե Մուինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը կարևորում է իրար լսելու ունակությունը, բաժանարար գծերի վերացումն ու գործնական քայլերը:

Լևոն Սաքունցը վսահ է, որ հզոր ու մեծ ուժ ներկայացնող սփյուռքում յուրաքանչյուր հայ դիվանագիտական աշխատանք կարող է տանել:
Դիվանագիտական աշխատանքները, ըստ Լևոն Սաքունցի, նաև կարևոր են թուրքական ու ադրբեջանական ծայրահեղական համայնքին դիմակայելու համար։

Հայազգի երկու պաշտոնյաներն էլ հետաքրքիր քաղաքական ու հասարակական ճանապարհ են անցել, ինչպես․ կպարզենք մեր առաջիկա հաղորդումներից մեկում։

Back to top button