ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանությունը նորովի դասավանդելու բանաձեւը դրվել է Կալիֆորնիայի խորհրդարանի քվեարկության

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի կրթական հարցերի հանձնախումբը միաձայն վավերացրել է խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած բանաձևը` Հայոց ցեղասպանության և այլ ցեղասպանությունների ուսուցումը նահանգային դպրոցական ծրագրերում ներառելու մասին: Բանաձևի ընդունմանը փորձել է խանգարել թուրքական լոբբին, սակայն ապարդյուն: Ակնկալվում է որ AB-659 բանաձևը քվեարկության կդրվի ամսվա վերջին:

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի կրթական հարցերի հանձնախմբի վավերացրած նոր բանաձևն առավել ամուր հիմք կապահովի նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար: Մինչև այժմ թեման ներառված էր Համաշխարհային պատմության դասագրքում` մեկ պարբերությամբ միայն` իբրև ընդհանուր տեղեկություն հայերի ցեղասպանության փաստի մասին:

Նոր բանաձևը նախատեսում է հանրային դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտներին թեման մատուցել ցեղասպանության ականատեսների, նրանց ժառանգների բանավոր վկայությունների, դասախոսությունների, ֆիլմերի ցուցադրության միջոցով: Բանաձևը ներկայացրել է նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանը: Նա հույս հայտնեց, որ հունվարի վերջին այն քվեարկության  կդրվի լիագումար նիստում:

AB-659 բանաձևը մշակվել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների օժանդակությամբ: Բանաձևի ընդունման դեպքում տարեկան 2 մլն աշակերտի կմատուցվեն Հայոց ցեղասպանության մասին նյութեր: Կօգտագործվի նաև վավերագրող Մայքլ Հակոբյանի բանավոր վկայությունների արխիվը, որն այժմ տնօրինում է հրեական Շոա հիմնադրամը, հայտնեց Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ արևմտյան ափի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Թերեզա Երիմյանը:

AB-659 բանաձևը նահանգային խորհրդարանի կրթական հարցերի հանձնախմբում ընդունվել է միաձայն: Թուրքական լոբբին փորձել է գործը խափանել` երկու պատվիրակ գործուղելով քննարկմանը: Նրանք չեն հաջողել փոխել հանձնախմբի անդամների համոզմունքը: «Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հասկանան, որ մեր պատմությունը շատ դաժան է եղել, պետք է իմանան` ինչ է արել մարդկությունն անցյալում, հաշվի նստեն այդ իրողությունների հետ: Ես մեր երեխաներին իրազեկելու կողմնակից եմ. միակ ճանապարհը, որով կարող ենք առաջ շարժվել իբրև ամերիկյան ազատ հասարակություն, դա իրողությունները ճանաչելն է»,- ասաց Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ռոքի Չավեզը։

«Ես բացահայտել եմ, թե որքան քիչ բան գիտեն մեր ավագ դպրոցի աշակերտները։ Մենք լավ չենք աշխատել նրանց իրազեկելու գործում, ուստի այժմ ամեն հնարավորություն պետք է օգտագործենք` նրանց տեղեկացնելու, պատմական փաստերը ճանաչել տալու համար: Դա կմեծացնի անցյալի սխալները չկրկնելու մեր հնարավորությունը: Այսօրվա աշակերտները պետոք է վաղը կանխեն նոր բռնություններ»ը,- նշեց խորհրդարանական Շիրլի Ուեբերը:

Back to top button