Էկոսֆերա

COP27․ Զարգացող երկրները «պահանջներ» ունեն զարգացած երկրներից․ «Էկոսֆերա»

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP 27), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է՝ մարդկությունը շարժվում է «դեպի կլիմայական դժոխք»։ Նա հորդորել է կանխել իրադարձությունների զարգացումը նման սցենարով և առաջարկել է զարգացած և զարգացող երկրներին կնքել «Կլիմայական համերաշխության պայմանագիր», որը կկանգնեցնի աշխարհում արագ ընթացող գլոբալ տաքացումը։ Միաժամանակ Գուտերեշն ընդգծել է պայմանագրում ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցության անհրաժեշտությունը։

Աճող ջերմաստիճանի ծայրահեղությունները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները կլիմայի տաքացման արդյունք են: Ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի՝ աշխարհը խորը կլիմայական ճգնաժամի մեջ է, վերջին ութ տարիները կլինեն ռեկորդային ամենաշոգը: Եգիպտոսում կլիմայի 27-րդ համաժողովի բացման ժամանակ Գուտերեշը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել, քանի որ մոլորակն աղետի ազդանշան է ուղարկում։

Զարգացած երկրների համար հիմնական նպատակներն են՝ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և արագացնել անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ:

Մինչ զարգացող երկրները, որոնք կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում են, ցանկանում են տեսնել նախկին ֆինանսավորման պարտավորությունների կատարումը:

Իրենց ելույթների ժամանակ միանգամից մի քանի առաջնորդներ նշել են, որ Հյուսիսային կիսագնդի երկրները պետք է փոխհատուցեն այն կորուստներն ու վնասները, որոնք արդեն զգացել են ավելի աղքատ երկրները՝ հիմնականում հասարակածից հարավ։

Զարգացող երկրներին և ձևավորվող շուկաներով երկրներին, բացառությամբ Չինաստանի, մինչև 2030 թվականը տարեկան 2 տրիլիոն դոլարից ավելի ներդրումներ հարկավոր կլինեն, եթե աշխարհն ուզում է դադարեցնել գլոբալ տաքացման կործանարար ուժը և հաղթահարել դրա հետևանքները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։

Տրիլիոն դոլարը պետք է ստացվի հարուստ երկրներից, ներդրողներից և զարգացման բազմակողմ բանկերից, ասվում է վերլուծության մեջ, որը պատվիրել են Մեծ Բրիտանիան ու Եգիպտոսը։

Մնացած գումարը` մոտ 1 տրիլիոն 400 մլդ դոլար, պետք է ստացվի մասնավոր և պետական աղբյուրներից:

Զարգացող երկրներում և ձևավորվող շուկաներով երկրներում, բացի Չինաստանից, ընթացիկ ներդրումները կազմում են մոտ 500 միլիարդ դոլար:

«Աշխարհին թափ է հարկավոր և կլիմայի ֆինանսավորման նոր ճանապարհային քարտեզ, որը կարող է մոբիլիզացնել 1 տրիլիոն դոլար արտաքին ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է մինչև 2030 թվականը զարգացող երկրներին և ձևավորվող շուկաներով երկրներին, բացի Չինաստանից»,- ասվում է զեկույցում:

«Ֆինանսներ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործողությունների համար» 100 էջանոց վերլուծությունը ներկայացվում է որպես համաշխարհային տնտեսությունը «կանաչեցնելու» ներդրումային ծրագիր՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի նպատակներին հասնելու համար։

Ըստ այդ նպատակների՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը պետք է սահմանափակվի մինչև 2 աստիճան Ցելսիուս և հնարավորության դեպքում մինչև 1.5 աստիճան Ցելսիուս:

Գիտնականները զգուշացնում են, որ այս շեմից բարձր տաքացումը կարող է Երկիրը մղել կյանքի համար ոչ պիտանի ջերմոցային վիճակի:

Back to top button