Հասարակություն

Վերջին թանկացումների, դրանց տրամաբանության, հնարավոր լուծումների և տնտեսական հաշվարկների մասին

 Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վերջին թանկացումների, դրանց տրամաբանության, հնարավոր լուծումների և տնտեսական հաշվարկների մասին են այսօր խոսել «Սպառողների ազգային ասոցիացիա» հկ նախագահ Արմեն Պողոսյանն ու տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրանք նկատել են, որ գնաճը պայմանավորված է և արտաքին, և ներքին գործոններով, սակայն կոնկրետ գազի պարագայում` գինը թանկացել է երկրի ներսում և արտաքին գործոնով պայմանավորված չէ:

Տնտեսագիտական տեսանկյունից թանկացումները լիովին տրամաբանական են, կարծում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` անդրադառնալով վերջին թանկացումներին և դրա հետևանքով հասարակության դժգոհություններին: Այլ խնդիր է, որ դրա զուգահեռ չեն աճում քաղաքացու եկամուտները: Նման իրավիճակում Սպառողների ասոցիացիայի ղեկավարը գտնում է, որ հավասարակշռված կյանքով ապրելու համար տվյալ քաղաքացու ծախսերը ևս պետք է լինեն հավասարակշռված:

Արմեն Պողոսյանը թանկացումներից դժգոհ քաղաքացիներին խնդրում է նաև չմոռանալ, որ թանկացումները ոչ միայն նորքին գործոնով են պայմանավորված, այլև`արտաքին։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, սակայն, նշում է, որ կոնկրետ գազի պարագայում թանկացումը պայմանավորված է ոչ թե արտաքին, այլ ներքին գործոնով: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ քաղաքացիների համար գազի թանկացման հետևանքներն առավել ակնհայտ դարձան հատկապես այս ձմռանը:

Back to top button