ԿարևորՀասարակություն

Տարածքների համաչափ զարգացումը՝ նաեւ 2014 -ի ծրագրում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տարածքների համաչափ զարգացումը տարածքային կառավարման նախարարության գերակայություններից մեկն է: Տարիներ շարունակ ամենավերին ատյաններում խոսում են մայրաքաղաքը բեռնաթափելու և մարզերում կյանքն աշխուժացնելու մասին: Ավելին, վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են մի քանի նախարարություններ մարզեր տեղափոխելու մասին լուրերը: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր թերևս անուղղակիորեն հերքեց այն լուրերը, համաձայն որոնց արդեն որոշված են, թե կոնկրետ որ երեք նախարարություններն են մարզեր տեղափոխվելու:

«Ծրագրից հատուկ նոր բան, որ ես հիմա կուզենայի ասել  չունեմ, ծրագիր է, որը կա և հնարավորության ու նպատակահարմարության առաջին իսկ դեպքում, այսպես ասենք, բեռնաթափումը տեղի կունենա»:

 

2014-ին էլ  նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու  հանրապետության բոլոր համայքները: Թե կոնկրետ երբ, հստակ չէ, սակայն, ի վերջո համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեկնարկը կտրվի: Վաչե Տերտերյանը խոստացավ՝ ծրագիրը սկսելուց առաջ կհանդիպեն  խոշորացվող համայքնների բնակիչների հետ, կզրուցեն, փաստեր կներկայացնեն,ավելին հանրաքվե կանցկացնեն ու հաշվի կառնեն նաև բնակիչների կարծիքը:

 

Հայաստանում ունենք 30, 40, 50 բնակիչ ունեցող համայնքներ, որոնք  պետությունից դոտացիաներ են ստանում, որտեղ են ծախսվում գրեթե բնակչություն չունեցող համայնքներին տրվող գումարները.« «Չեղած» համայնքի եղած աշխատակազմի պահպանմանն է ուղղվում, ինչը «նոնսենս է», երբ որ մենք այսքան խոսում ենք այս խոշորացման մասին, առաջին հերթին և ամենահեշտ տեխնիկական խնդիրը կազմակերպչական պետք է այդ խնդիրը լուծվի: Չի կարող լինել համայնք, որը մշտական բնակչություն չունի կամ տարվա կեսը  մշտական բնակչություն չունի, բայց մենք այդ համայնքում աշխատակազմ ենք պահում, եթե նույնիսկ պետք է պահենք, ապա ոչ նույն չափով, նույն ձևով ինչ որ այլ համայնքներում: Այժմ գումարները հիմնականում աշխատակազմերի պահպանմանն ենք ուղղում, փոքր համայքներ կան, ընտրվում է  համայնքի ղեկավար, օրենքով նախատեսված, ունենում է քարտուղար, ունենում է հաշվապահ, հաշիվ: Շատ անարդյունավետ, վերջին հաշվով ոչ մի բան չտվող գաղափար»:

 

Եթե սա նախարարությունում անարդյունավետ  գաղափար են բնորոշում, ապա փոխարենը արդյունավետ են համարում կառավարության նախորդ տարվա որոշումենրից մեկը, որով սահմանամերձ բնակավայրերի հողի ու ոռոգման ջրի վճարները պետությունը վճարեց, նմանատիպ նախագիծ այս տարի էլ է քննարկվում, սակայն, այս բնակավայրերն ընդհանրապես հարկերից ազատելու գաղափարը Վաչե Տերտերյանն այնքան էլ ճիշտ չի համարում.«Հարկային արտոնությունները միշտ չեն, որ ամենաարդյունավետ միջոցն են : Քաղաքականության առումով մենք խուսափում ենք, աշխատում ենք մինիմալի հասցնել հարկային արտոնությունների գաղափարը: Այլ խնդիր է, որ այդ թիրախային համայնքներում, որտեղ մենք արձանագրում ենք  խնդիրներ, մենք փորձում ենք իրենց փոխարեն վճարել: Այս տարի կրկին ձեռնամուխ ենք եղել նույն որոշման մշակմանը, և այն հողատարածքներում, որոնք գտնվում են գնդակոծման տակ, սակայն այնուամենայնիվ մշակում են, մենք այս տարի ևս համենայնդեպս նախագծի ձևով դրել ենք շրջանառության մեջ, այս տարի էլ նույն օժանդակությունը կցուցաբերենք: Աստված տա, մյուս տարի այդ վտանգը վերանա, հնարավոր կլինի, այլ խնդիրների անդրադառնալ»:

 

Իսկ նախորդ տարի  տարածքային կառավարման նախարարության հիմնական գործունեությունն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, նախարարության՝  2013-ի գերակա խնդիրների իրականացմանը:

Back to top button