Հասարակություն

Հայաստանում մշակույթին առնչվում է ամեն բան, անգամ՝ ՀՀ կառավարությունը»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«2013 թվականն առանձնացավ ստեղծագործական միությունների շուրջ ծավալված սկանդալներով: Գրողների, նկարիչների ու կոմպոզիտորների միություններում տեղի ունեցան ընտրություններ, որոնք գրեթե նույնությամբ արտացոլեցին երկրի քաղաքական ընտրությունների  պատկերը»,- Հայ ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանն այսքանով ամփոփում է 2013 մշակութային տարին ու սահուն անցում կատարում դեպի հանդիպման բուն թեման։

«Մեր միությունում ևս սկանդալ եղավ, ինձ ծեծեցին: Լևոն Մութաֆյանը սկսեց վարկաբեկել մեզ՝ ասելով, որ մենք ապօրինի գործունեություն ենք ծավալում ու մսխում ենք պետական փողերը: Այսօր ուզում եմ պատասխանել Լևոն Մութաֆյանին և ասել, որ չկա նման բան: Հայ ժամանակակից արվեստների միությունը չի կարող ապօրինի գործունեությամբ զբաղվել»,- ասում է։

«Ես փողի կարիք չունեմ, ժողովուրդ», ի լուր աշխարհի հայտարարում է 17-ամյա Մանուկ Նիգոյանը՝ նշելով, որ սեփական միջոցներով  անգամ հովանավորում է իր ղեկավարած միությունը:  Երիտասարդը շարունակում է թվել  հայկական ԶԼՄ-ների համա սկզբնաղբյուր դարձած Մութաֆյանի ֆեյսբուքյան էջում իրեն հասցեագրված զրպարտանքների ցանկը:

Մեղադրանքների  մեծ մասին մասնագիտությամբ իրավաբան, հոգեբան ու  դերասան Մանուկ Նիգոյանը պատասխանել է, ինչպես ասում է, ՀՀ Սահմանդարությանը համապատասխան, բայց կան հարցեր, որոնք ինքն էլ անձամբ կցանկանար պարզել։ «Ես ուզում եմ իմանալ՝ ով է իմ հայրը, որը ԱԺ պատգամավոր է»։

Հայ ժամանակակից արվեստների միության նախագահն այսօր   հակիրճ ու հպանցիկ անդրադարձավ  նաև միասեռականների խնդրին: «Որքանով է թեման առնչվում հայ ժամանակակից արվեստի խնդրներին>»,- «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ հանդիպման հյուրը նկատեց. «Հայաստանում մշակույթին առնչվում է ամեն բան, անգամ ՀՀ կառավարությունը, որը   սյուրռեալիստական արվեստի գլուխգործոց է»։

Back to top button